Գրական մրցույթը բացահայտեց ու հրապարակեց նոր անուններ

09.03.2023
Դիտումների քանակ՝ 1387

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերի շրջանակներում ՀՊՏՀ լեզուների ամբիոնի հայտարարած հեղինակային ստեղծագործությունների մրցույթն ամփոփվեց․ մարտի 7-ին համալսարանի գիտական գրադարանում կայացած գրական ցերեկույթն ուղեկցվեց տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությամբ, ընթերցումներով, գրականության վերաբերյալ քննարկումներով։

Դեռևս նոյեմբերին հայտարարված մրցույթին ներկայացվել էր 60-ից ավելի հայտ․ մասնակցության ցանկություն էին հայտնել տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներ, նաև՝ մագիստրանտներ և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի սովորողներ։ Մրցութային հանձնախումբը ղեկավարում էր լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը, անդամներն էին ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոսներ Աննա Ղարսլյանը (միջոցառման կազմակերպիչ), Զուխրա Երվանդյանը, Աննա Երկանյանը, Լիլիթ Հակոբյանը և Մերի Աբգարյանը։ Հանձնախմբում նաև արդի հայ գրականության ներկայացուցիչներ էին՝ բանաստեղծներ Գոռ Հարությունյան և Պետրոս Հոկտանյան, արձակագիրներ Դավիթ Սամվելյան և Անի Միրզոյան։

Եվ այսպես, վեց տասնյակից ավելի եռաթեմա գրական ստեղծագործություններ՝ սեր, հայրենիք, խոհափիլիսոփայություն, որոնցից հանձնախմբի անդամները դժվարին ընտրությամբ առանձնացրեցին հաղթողներին։ «Լավագույն արձակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Գալստյանը՝ «Արուս տատը» ստեղծագործությամբ։ Ի դեպ, Հռիփսիմեն հաղթեց նաև «Խոհափիլիսոփայական լավագույն արձակ» անվանակարգում՝ «Ցիլոյով աղջիկը» պատմվածքով։ «Լավագույն չափածո» անվանակարգի հաղթողը կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Իսկուհի Ստեփանյանն է՝ «Սա ավելին է, քան բառեր, որ ձոնում եմ Քեզ» բանաստեղծությամբ։ «Խոհափիլիսոփայական լավագույն չափածո» անվանակարգի հաղթողը ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի (հեռակա) ուսանողուհի Լիաննա Ստեփանյանն է։ «Լավագույն հայրենասիրական չափածո» անվանակարգում հաղթեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Օսկար Այվազյանը՝ «Երբեք չի ընկնի արցախցին հզոր» բանաստեղծությամբ։ «Լավագույն հայրենասիրական արձակ» անվանակարգի հաղթողները երկուսն էին՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Թադևոսյանը՝ «Մանուշակագույն դրախտ» և նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Նիգոյանը՝ «Հողի գինը» պատմվածքներով։ «Լավագույն սիրային չափածո» անվանակարգում հաղթող ճանաչվեց նույն ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Պետրոսյանը՝ «Սիրո ուրվական» բանաստեղծությամբ։ «Լավագույն սիրային արձակ» անվանակարգի հաղթողը կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Ալեքսանյանն է՝ «Նայիր իմ աչքերով» ստեղծագործությամբ։

Բոլոր հաղթողներն արժանացան պատվոգրերի, նվեր ստացան գեղարվեստական գրքեր, իսկ մի խումբ երիտասարդ ստեղծագործողներ արժանացան շնորհակալագրերի։

«Գրի մեջ եղե՛ք անկեղծ»․ բանաստեղծ Պետրոս Հոկտանյանի խորհուրդն էր ստեղծագործող ուսանողներին, Գոռ Հարությունյանն էլ հավելեց՝ «Գրականությունը սեթևեթանք չի սիրում»։ Արձակագիր Անի Միրզոյանը խորհուրդ տվեց՝ «Մրցակցե՛ք միայն ինքներդ ձեզ հետ, որ ամեն անգամ ձեր նոր ստեղծագործությունը գերազանցի նախորդին»։ Դասախոս, բանաստեղծուհի Զուխրա Երվանդյանն էլ խրատեց՝ բառի հետ փուչ խաղ չխաղալ, բառի հետ զգույշ լինել․ «Ես բառ չեմ փնտրում, բառն է ինձ գտնում, բառը պիտի գա, քո շուրթին իջնի։ Եթե դուք սկսեք բառ փնտրել, բառը ձեզ կպատժի»։

Այսպիսով, գրական մրցույթը բացահայտեց ստեղծագործող շնորհալի ուսանողների, և հուսով ենք՝ ոգևորեց նրանց ավելի վստահ մուտք գործել գրական ասպարեզ։

Լուսանկարային շարքը տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։