«ՀՊՏՀ Երևան» թիմը պատրաստվում է ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2-րդ մրցաշրջանին
Ավարտվեց ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2021-2022 թթ. առաջնության առաջին մրցաշրջանը։ Առաջնության 7-րդ խաղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «ՀՊՏՀ Երևան» ֆուտզալի թիմը հանդիպեց Հայաստանի ագրարային համալսարանը ներկայացնող «Թիմ Ագրո»-ի հետ։ Գոլառատ խաղում ցուցաբերելով համառ դիմակայություն՝ «ՀՊՏՀ Երևան» թիմը 12։8 հաշվով հաղթանակ տարավ «Թիմ Ագրո»-ի նկատմամբ՝ բարձրագույն խմբի մրցաշարում գրանցելով իր 5-րդ հաղթանակը։
Այսպիսով, 7-րդ փուլի խաղով ավարտվեց ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջին շրջանը։ Ինչպես տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, «ՀՊՏՀ Երևան» թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանը՝ ՀՊՏՀ թիմն արդեն ունի 5 հաղթանակ և 2 ոչ-ոքի և 17 միավորով 1-ին և 2-րդ տեղերը կիսում է «Երևան» ֆուտզալի ակումբի հետ։
Բարձրագույն խմբի 2-րդ մրցաշրջանը կմեկնարկի կիրակի օրը՝ նոյեմբերի 28-ին։
Տպավորիչ է նաև ՀՀ ուսանողական մարզական խաղերի շրջանակում նոյեմբերի 17-ին կայացած սեղանի թենիսի Հայաստանի առաջնությանը ՀՊՏՀ մարզիկների գրանցած հաջողությունը։ Առաջնության աղջիկների մրցաշարում ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Յանա Պետրոսյանը գրավել է 3-րդ հորիզոնականը։