Փոխըմբռնման հուշագիր․ ՀՊՏՀ-ն և «Գրանթ Թորնթոնը» ընդլայնում են համագործակցության շրջանակները

23.11.2021
Դիտումների քանակ՝ 953

Նոյեմբերի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն Արմեն Հովհաննիսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ միտված Հայաստանի Հանրապետությունում կրթության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Ողջունելով «Գրանթ Թորնթոնի» հետ համագործակցության ծավալումը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ծրագրերի իրագործման տեսանկյունից այս հուշագրի ստորագրումով փոխգործակցության արդյունավետ հարթակներն ավելի են ընդլայնվում։

«Վերջին տարիներին Տնտեսագիտական համալսարանը էական բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք միտված են կրթության որակի բարելավմանը։ ՀՊՏՀ-ն միակ տնտեսագիտական բուհն է ամբողջ հանրապետությունում և կրում է տնտեսական ոլորտի որակյալ մասնագետներ պատրաստելու պատասխանատվության մեծ բաժինը։ Գործատուների հետ հարաբերությունները մեր հիմնական ուղենիշներից են և, այս առումով, «Գրանթ Թորնթոնի» հետ համագործակցությունը մեզ համար էական նշանակություն ունի։ Շատ մասնագիտությունների, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի գծով ՀՊՏՀ-ն մենաշնորհային դիրք ունի, և մեր համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ թե´ ձեր ընկերության, թե´ մեր ուսանողների համար, որոնք հնարավորություն կունենան ի դեմս «Գրանթ Թորնթոնի» համագործակցել ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ»,-ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ ընդգծելով, որ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման առումով ՀՊՏՀ-ն բաց և ճկուն համալսարան է՝ պատրաստ ընդառաջել և կյանքի կոչել այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուսանողներին կներգրավեն աշխատաշուկայում։

Շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ ռեկտորին համագործակցության համար՝ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունն այս պահին կադրերի խնդիր ունի։ «Մենք այսօր աշխատում ենք հայաստանյան չորս համալսարանների հետ, սակայն պետք է նշեմ, որ ՀՊՏՀ կադրերը որակապես միշտ ավելի բարձր են եղել, ավելի պատրաստված»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ համագործակցությունը բեղմնավոր կլինի։

Հուշագրով նախատեսվում է ուսանողներին հնարավորություն տալ կիրառելու տեսական գիտելիքները, ձեռք բերելու գործնական հմտություններ ու փորձ, երիտասարդ մասնագետներին աջակցելու աշխատանքի որոնման հարցում, ինչպես նաև խթանելու ուսանողների և ոլորտի մասնագետների միջև պարբերական մասնագիտական շփումներն ու երկխոսության ձևավորումը։

Մասնավորապես՝ համագործակցության շրջանակներում նախատեսվում է ՀՊՏՀ բակալավրիատի 4-րդ և բարձր կուրսերի, նաև մագիստրատուրայի ուսանողներին հնարավորություն տալ ուսումնական փորձառություն անցնելու «Գրանթ Թորնթոն»-ում, իսկ լավագույններին՝ աշխատանքի ընդունվելու ընկերությունում։

Կողմերը պայմանավորվեցին համագործակցության խթանման նպատակով համատեղ քննարկել այլ ձևաչափեր ևս՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։