«Հիմնարար ու մնայուն արժեքների կրողը դարձեք». ՀՊՏՀ-ում էր Ռալֆ Յիրիկյանը (լուսանկարներ)
ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, գործարար ՌալՖ Յիրիկյանը՝ «Բիզնես հաջողությունները ինստիտուցիոնալ կազմակերպման միջոցով» թեմայով բանախոսությամբ, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, միջոցառման կազմակերպիչ ամբիոնի աշխատակազմը՝ վարիչ, տ.գ.թ., դոցենտ Միքայել Մարդումյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաները՝ տնօրենի պաշտոնակատար Նազելի Նավասարդյանի գլխավորությամբ, աշխատակիցներ, ուսանողներ:
Նշված ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ռոբերտ Բաբայանը ողջունեց գործարարին և շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին նվիրաբերած մասնագիտական գրքերի համար, այնուհետև ներկայացնելով հանդիպման օրակարգը՝ խոսքը տրամադրեց նրան:
Ռալֆ Յիրիկյանը ելույթը սկսելուց առաջ հույս հայտնեց, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը այս հանդիպմամբ նոր լիցք կստանա, ապա դիմեց լսարանին՝ ծանոթանալու նրանց հուզող հարցերին: «Ինչո°վ է բիզնես կառավարումը հետաքրքրում, ինչո°վ է թեման յուրահատուկ»,- հետաքրքրվեց կազմակերպության ղեկավարը և սկսեց խոսել բիզնես հիմնելու կարևոր նախապայմանների մասին, ինչպիսիք են տեսլականը, ռազմավարությունը, բիզնես պլանը: Բանախոսությունը հաջողակ գործարարի դիտանկյունից անդրադարձ էր բիզնեսի կառավարման հիմունքներին: Ռալֆ Յիրիկյանը պատմեց հայաստանյան առաջատար բջջային օպերատորի ստեղծման ու զարգացման պատմության կերտման մասին, կանգ առավ կազմակերպության գործունեության հիմքում դրված արժեհամակարգի վրա, որում առանցքային է հարգանքը յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ: Բանախոսի խոսքում կային ուշագրավ շեշտադրումներ՝ ինչպես բիզնեսի առաջխաղացմանը, այնպես էլ առաջնորդի, ղեկավարի կերպարին վերաբերող: «Հիմնարար ու մնայուն արժեքների կրողը դարձեք»,-այս հորդորով գործարարը եզրափակեց իր ելույթը:
Հետաքրքրական ու բացահայտումներով լի էր նաև հանդիպման 2-րդ մասը՝ հարցուպատասխան բանախոսի և լսարանի միջև: Գործարարին ուղղված հարցերը հիմնականում առնչվում էին բիզնեսի կառավարմանը:
Բաց դասախոսության այս անմիջական մթնոլորտում ուսանողները բացահայտեցին ինչպես կազմակերպության, այնպես էլ նրա ղեկավարի մոտեցումները, ծանոթացան գործունեության նրբություններին:
Հանդիպումն ամփոփեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով հյուրին՝ օգտակար ու հետաքրքիր բանախոսության համար:
«Հավատացնում եմ Ձեզ, որ մենք հակված ենք ամուր կապեր հաստատելու մեր երկրի պետական և մասնավոր հատվածի գործատուների հետ, նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ, որը հայաստանյան շուկայի ամենակայացած կազմակերպություններից է: Գոհ ու շնորհակալ ենք Ձեր մարդկային և մասնագիտական որակների համար, և ես կուզենայի, որ հաճախ հյուրընկալվեիք մեր համալսարանում: Համոզված եմ, որ առանց Ձեր և մյուս գործատուների հետ գործակցելու չենք կարող հասնել կրթության երանելի որակի, քանզի դուք եք գնահատում, թե ինչպիսի որակ ենք ապահովում մենք: Ուստի խնդրում ենք, որ ներգրավվեք կրթական գործընթացներին»,-ասաց ռեկտորը՝ հավելելով նոր թափ հաղորդել կազմակերպության հետ համագործակցությանը:
Միջոցառումն ավարտված էր, բայց վառ տպավորություններով ուսանողները չէին շտապում լքել դահլիճը. լուսանկարվում էին, փորձում ևս մի քանի րոպե շփվել Ռալֆ Յիրիկյանի հետ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին