Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի աշխատակիցը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1453

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում փետրվարի 4-ից 8-ը հյուրընկալել է Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի աշխատակցուհի Մարիա Կոնտոուլիին:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից և ներկայացնում մանրամասները: Գործընկեր համալսարանի աշխատակիցը ՀՊՏՀ-ում էր վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով: Շարժունության շրջանակներում ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և շարունակական կրթության և կարիերայի բաժնի աշխատակցուհի Նարինե Էլիզբարյանը հանդես են եկել ելույթներով՝ համպատասխանաբար ներկայացնելով իրենց գործունեության ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ Նարինե Էլիզբարանը խոսել է իրենց բաժնի կողմից իրականցվող աշխատանքների ուղղությունների, ուսանողների համար կազմակերպվող փորձառությունների և այլ հարցերի մասին: Վերջինս կարևորել է շարունակական կրթության և կարերայի բաժնի աշխատանքը հատկապես պետական կառավարման համակարգում և առաջատար մասնավոր կազմակերպություններում ուսանողների փորձառությունը կազմակերպելու ուղղությամբ, ինչն իրականացվում է՝ ելնելով ուսանողի կողմից ուսումնասիրվող թեմայի ոլորտային պատկանելությունից:
Վարդ Ղուկասյանն էլ Մարիա Կոնտոուլիի ուշադրությանն է ներկայացրել ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, ինչպես նաև ՀՊՏՀ-ում բաձրագույն կրթության կազմակերպման առանձնահատկությունները: Խոսվել է նաև Բոլոնյան համակարգին անցման, դրա վերջնական ներդրման խոչընդոտների և վերջիններիս վերացման համար իրականացվող քայլերի մասին: Աթենքից ժամանած հյուրը պատմել է նաև Հունաստանում բարձրագույն կրթության կազմակերպման յուրահատկությունների մասին, մասնավորապես նշելով, որ Հունաստանում գործում են միայն պետական բուհեր և չկան մասնավոր բարձրագույն կրթական հաստատություններ:
Մարիան այցելել է նաև ՀՊՏՀ համակարգչային սրահներ, գրադարան, ծանոթացել քննությունների կազմակերպման և անցկացման կարգին: Շրջայցին մասնակցել են նաև ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը և գրադարանի աշխատակցուհի Մարիամ Մնացականյանը, ովքեր համապատասխանաբար ներկայացրել են ՀՊՏՀ-ում համակարգչային քննությունների անցկացման կարգը և գրադարանի կողմից իրականացվող աշխատանքը: Հյուրը հատկապես տպավորվել է QR կոդերի միջոցով գրքերի հասանելիությամբ: Նա նաև մասնակցել է համակարգչի միջոցով անցկացվող քննության ընթացքին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին