ՀՊՏՀ-ն՝ CaseKey Academy-ի բիզնես խնդիրների լուծման ակումբների ազգային ցանցի անդամ
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «Նեյշն 2․0» կրթական ՀԿ-ի, CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանտ երեկ ստորագրեցին հեղինակային պայմանագիր, որով ՀՊՏՀ-ն դարձավ CaseKey Academy-ի բիզնես խնդիրների լուծման ակումբների ազգային ցանցի անդամ։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և CaseKey-ի գործընկեր Հովհաննես Երիցյանը։
CaseKey Academy-ն բիզնես խնդիրների լուծման ակումբների ազգային ցանց է, որի նպատակն է ուսանողների շրջանում զարգացնել վերլուծական մտածողությունը և իրական բիզնես խնդիրներ լուծելու հմտությունները: Վերջին 2 տարիների ընթացքում CaseKey-ը Ֆլորիդայի համալսարանի Ուորինգթոն բիզնես քոլեջի հետ համատեղ մշակել է հայաստանյան համալսարաններում քեյսերի վրա հիմնված և նախագծային կրթության մեխանիզմների ինտեգրման մեթոդաբանություն: Դառնալով ցանցի անդամ՝ ՀՊՏՀ-ն կկարողանա իր ուսանողներին տրամադրել նորարարական ուսուցման փորձ, որը կբարելավի խնդիրներ լուծելու նրանց հմտությունները և կնախապատրաստի իրենց ընտրած ոլորտներում հաջող կարիերայի համար, ինչպես նաև կօժանդակի հիմնել համալսարանական բիզնես խնդիրների լուծման ակումբ (Case Solving Club)։
ՀՊՏՀ ռեկտորը հույս հայտնեց, որ համագործակցությունն օգտակար կլինի ուսանողների համար, նրանք կմասնակցեն մրցույթների և կունենան հաղթանակներ։ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը կարևորեց նախագծի շրջանակում իրականացվող մենթորինգի ծրագիրը՝ հույս հայտնելով, որ այն մեծապես կնպաստի ուսանողների կողմից բիզնես նախագծերի իրականացմանը։