ՀՊՏՀ-ն սերտացնում է Ամերիաբանկի հետ համագործակցությունը
Ապրիլի 27-ին ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնը կազմակերպել էր հանդիպում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանի հետ։ Վերջինս ուսանողներին ներկայացրեց բանկում աշխատելու հնարավորությունները և հաջողության ուղին Ամերիայում կերտելու հեռանկարները։
ՀՊՏՀ-ի և Ամերիաբանկի համագործակցությունը թեպետ տարիների պատմություն ունի, սակայն երկկողմ կապերը սերտացնելու և փոխգործակցության ուղենիշները հստակեցնելու հիմքերը դրվեցին 2023 թ․ սկզբին, երբ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն և բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը աշխատանքային քննարկում ունեցան Ամերիաբանկի ներկայացուցիչների հետ։ Բուհ-գործատու կապը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու երկուստեք ջանքերի արդյունքը չսպասեցրեց։
Աշոտ Մարդոյանի փոխանցմամբ՝ նախկինում Ամերիաբանկի հետ համագործակցությունն առավելապես ընթացել է փորձառությունների կազմակերպման և բաց դասերի անցկացման ձևաչափով, սակայն այսուհետ համագործակցության հորիզոնները կընդլայնվեն։
«Մեր հիմնական թիրախն այն է, որ ուսանողը բակալավրիատի 3-րդ կուրսից սկսի աշխատել, իսկ բուհն ավարտելուց հետո արդեն ամբողջ դրույքով անցնի աշխատանքի։ Մինչ այդ, սկսած 2-րդ կուրսից, մեր ուսանողը կզինվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, որին կնպաստեն նաև Ամերիաբանկի արհեստավարժ մասնագետները։ Ընդ որում, արդեն սահմանված թեմատիկայով վերապատրաստման դասընթացները, վարպետության դասերը և այլ միջոցառումներ կկազմակերպենք թե′ բուհում և թե′ բանկում, և դրա մեկնարկը տրվեց երեկ»,- ասաց Աշոտ Մարդոյանը՝ հավելելով, որ համագործակցության ուղղություններն արդեն սահմանված են, և այս քայլով ձևավորվում է կլաստերային կրթություն, որում գործատուն ունի առանցքային դերակատարում։ Դա արտահայտվում է ոչ միայն ուսանողներին գործատուի կողմից մասնագիտական փորձի փոխանցմամբ, այլև աշխատանքի ընդունման բաղադրիչով: