Համագործակցություն՝ ի նպաստ մարքեթինգ և զբոսաշրջություն մասնագիտությունների ուսանողների

16.02.2021
Դիտումների քանակ՝ 1271

ՀՊՏՀ-ում մարքեթինգ մասնագիտության նկատմամբ դիմորդների հետաքրքրությունն աննախադեպ մեծ է, իսկ զբոսաշրջություն մասնագիտությունն անցած տարի լիարժեք համալրվել է։ Այս մասին այսօր «ՈՒԱՆ ՈՒԵՅ ԳՐՈՒՊ» ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանի և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Արփինե Փանոսյանի հետ հանդիպմանը նշեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ մատնանշելով ընկերության հետ ՀՊՏՀ համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Տաթև Վարդանյանը և մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը։

Բուհի ղեկավարի խոսքով՝ ընկերության հետ համագործակցությունը հատկապես կարող է ուղղված լինել վերը նշված երկու մասնագիտությունների ուսանողներին, ապա վստահեցրեց, որ ընկերությունում բարձր կգնահատեն ՀՊՏՀ շրջանավարտների կրթական որակը։

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանն ընդգծեց, որ վերջին շրջանում ամբիոնը սերտացնում է իր գործընկերությունը մասնագիտության ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հետ՝ հուսալով, որ այն օգտակար կլինի և՛ գործատուներին, և՛ ուսանողներին։

«ՈՒԱՆ ՈՒԵՅ ԳՐՈՒՊ» ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանը գոհունակությամբ խոսեց ՀՊՏՀ շրջանավարտների մասին՝ նշելով, որ ՀՊՏՀ-ից իրենց ընկերություն պրակտիկայի են ներկայացել խոստումնալից երիտասարդներ, ապա հույս հայտնեց, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի։

Հանդիպման ավարտին Դիանա Գալոյանը և Մաթևոս Բարսեղյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին