ՀՊՏՀ շրջանավարտը ՏՏ նախագծերի կառավարման հիմունքներին նվիրված բաց դաս վարեց հարազատ բուհում

16.02.2021
Դիտումների քանակ՝ 1278

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում, համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի հետ համագործակցությամբ, այսօր կազմակերպվել էր «Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերի կառավարում» թեմայով բաց դաս, որը վարել է ՀՊՏՀ շրջանավարտ Շուշան Ասատրյանը։ Նախաձեռնությունը Շուշանինն էր, նա մասնագիտացել է ՏՏ ոլորտում և ցանկություն է հայտնել իր գիտելիքը փոխանցելու կրտսեր համալսարանականներին՝ խորացնելով նրանց հետաքրքրությունը ընտրած մասնագիտության, հեռանկարային ՏՏ ոլորտի հանդեպ։

Դասին մասնակցել են տեղեկատվական համակարգեր մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, նշված ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոսներ:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց դեկանը՝ դասը ճանաչողական բնույթի է եղել, ուսանողներին ներկայացվել է ոլորտին վերաբերող հետաքրքրաշարժ տեղեկություն, որը նաև կարող է ուղղորդել նրանց մասնագիտական նախագծերում ներգրավվելու:

«Տիպային օրինակներով ներկայացված հետաքրքիր գծապատկերների, մոդելային լուծումների ու ստացված արդյունքների համադրմամբ, բանախոսը կարողացավ ապահովել հետաքրքրություն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների արդի աշխարհ՝ ցույց տալով կրթության ու նորարարության կապը զարգացման համատեքստում: Միասնական շրջանակում խոսելով առաջնորդության, տեխնոլոգիայի և ռազմավարական մտածելակերպի մասին՝ Շուշանը ուսանողների համար բացահայտեց գիտելիքի և կառավարման սերտ փոխկապվածությունը»,-ասաց Սոս Խաչիկյանը։

Հանդիպումն ավարտվել է ակտիվ քննարկմամբ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին