COVID 19-ը ո՛չ ՀՊՏՀ-ին, ո՛չ էլ ՀՊՏՀ-ականներին չի կարողացել որևէ կերպ խոչընդոտել՝ լիարժեք իրականացնելու իրենց առաքելությունը. Արմեն Գրիգորյան

Դիտումների քանակ՝ 1830

Մարտի 16-ից սկսած, երբ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ՀՀ Կառավարության որոշմամբ, երկրում հաստատվեց արտակարգ դրություն, ՀՊՏՀ-ն անցում կատարեց առցանց կրթության և աշխատանքի: Թե այս շրջանում ուսումնական գործընթացի վերակազմակերպման ինչ ծավալուն ու բարդ խնդիրներ են լուծվել, մեզ հետ զրույցում ներկայացնում է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:

– Պարո՛ն Գրիգորյան, արտակարգ դրության պայմաններում մեր համալսարանը արագորեն անցավ առցանց կրթության: Ինչպե՞ս կազմակերպվեց գործընթացը, ինչպիսի՞ դժվարություններ եղան և ինչպե՞ս հաղթահարվեցին:

 Թեպետ կրթական հաստատությունների գործունեության դադարեցումը սկզբնական փուլում ընդամենը 1 շաբաթով էր, սակայն արդեն մարտի սկզբին ակնհայտ էր, որ անհրաժեշտություն է առաջանալու ուսումնական գործընթացը առցանց եղանակով կազմակերպելու։ Առաջին կարևոր խնդիրը փորձառության բացակայությունն էր:  Իրավիճակը պարտադրում էր մի կողմից արագորեն յուրացնել և փոխանցել առցանց կրթության մատուցման տեխնոլոգիան, մյուս կողմից՝ մանրակրկիտ պլանավորել բոլոր գործողությունները, քանի որ ցանկացած սխալ կարող էր որոշիչ լինել  հետագա ամբողջ ընթացքի համար։ Առաջնային խնդիրներից էր ուսանողների համար բոլոր դասընթացների բոլոր թեմաներից ուսումնառության նյութերի հասանելիության ապահովումը, որի նպատակով գործարկվեց moodle.asue.am հարթակը և վերացվեց ՀՊՏՀ էլեկտրոնային գրադարանի աշխարհագրական հասանելիության սահմանափակումը։ Զուգահեռաբար սկսեցինք ակտիվորեն դիտարկել նաև առցանց դասընթացների վարման հնարավոր հարթակները և կազմակերպել համալսարանի պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմին մեթոդական երաշխավորությունների տրամադրումը։ Առցանց կապ հաստատելու և փորձի փոխանակման նպատակով ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծեցինք ՀՊՏՀ դասախոսների փակ խումբ և տեղադրեցինք առաջին վիդեո ու տպագիր նյութերը, որոնք ներկայացնում էին տարբեր սոցիալական հարթակներում խմբեր բացելու և LIVE ֆորմատով դասախոսություններ վարելու գործիքակազմը, ինչպես նաև moodle.asue.am հարթակում ուսումնառության նյութերի վերբեռնման տեխնոլոգիան։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, պատրաստել և մեր գործընկերներին ենք տրամադրել 20-ից ավելի նմանատիպ երաշխավորություններ՝ առցանց դասավանդման, գնահատման ու վարչարարության իրականացման տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Հաջորդ կարևոր խնդիրը համակարգի շահառուների նույնականացումն էր, որն առաջնային պայման էր հատկապես moodle asue.am հարթակում գիտելիքի ստուգման գործիքակազմի կիրառման, ինչպես նաև ums.asue.am հարթակում վարչարարության իրականացման համար։ Այդ ընթացքում համալսարանի ծրագրային ապահովման բաժնի թիմը ավելի քան 5200 ուսանողի և 450 դասախոսի նույնականացման մուտքանուններ և ծածկանուններ է ձևավորել և առաքել։ Ընդգծեմ, որ այս աշխատանքների լիարժեք իրականացումը համալսարանին հնարավորություն ընձեռեց նաև առցանց կազմակերպել 2020-2021 ուստարվա բոլոր կրթաձևերի ընտրովի դասընթացների ընտրության, ինչպես նաև ուսանողների գիտելիքի թեստային ստուգման գործընթացները։ Մյուս կարևոր խնդիրը բոլորիս հախուռն գործողությունների կանոնակարգումը, ներքին շահառուների միջև առցանց կապի և համալսարանի առցանց կոլեգիալ կառավարման համակարգի ձևավորումն էր։ Այս խնդիրն ամենաարագը կարգավորվեց, և արդեն առաջին շաբաթվա վերջում ունեինք դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ առցանց շփման փակ հարթակներ, որտեղ էլ ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում համալսարանի կոլեգիալ կառավարումը, կրթական գործընթացի առանցքային հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը։ Այս առնչությամբ պետք է արժանին մատուցել մեր բոլոր գործընկերներին՝ համալսարանի կառավարման գործում իրենց մեծագույն նպաստը բերելու և առկա ու առաջացող տարաբնույթ խնդիրներն օպերատիվորեն կարգավորելու առնչությամբ։ Մյուս կարևոր խնդիրը ուսանողներին առնչվող առանցքային հարցերի քննարկումներին նրանց որևէ ձևաչափով մասնակից դարձնելն էր։ Պետք է նշել, որ այս ուղղությամբ համալսարանի ուսանողական խորհուրդը մեծածավալ աշխատանք կատարեց՝ կազմակերպելով տարաբնույթ քննարկումներ, տարբեր հարցերի քվեարկություններ, որոնց արդյունքներն էլ գիտական խորհրդի կողմից մշակված և ընդունված ժամանակավոր կարգավորումների հիմքում են եղել։

– Գործընթացի կազմակերպման համար ո՞ր հիմնական հարթակներն օգտագործվեցին և ինչպիսի՞ արդյունավետություն ապահովվեց:

Առաջին օրերին գործարկեցինք ՀՊՏՀ moodle հարթակը, որում ձևավորեցինք գարնանային կիսամյակի առկա կրթաձևի բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր 444 դասընթացների մոդուլները։ Հետագայում ձևավորեցինք նաև հեռակա կրթաձևի 206 դասընթացների մոդուլները։ Ընդհանուր առմամբ, asue.moodle.am-ը կարևոր դերակատարում ունեցավ ՀՊՏՀ առցանց կրթության գործընթացում։ Ավելորդ չէ փաստել, որ մարտի 16-ից մինչ օրս հարթակի 5700 օգտատերերն ավելի քան 957.000 մուտք են ունեցել moodle.asue.am, որից՝ 850.000-ը՝ մեր ուսանողները։ Մարտի 16-ից արդեն որոշակիորեն պատրաստ էինք որևէ ձևաչափով առցանց դասախոսություն-քննարկումներ կազմակերպելուն։ Առաջին 4 օրերին կարողացանք կազմակերպել ընդամենը 188 LIVE ձևաչափով դասախոսություն։ Նախնական պատկերն այնքան էլ հուսադրող չէր։ Համեմատության համար՝ ապրիլի կեսից մինչ մայիսի վերջ շաբաթական միջինում 1000 առցանց դաս ենք ունեցել։ Սակայն ակնհայտ էր դեկանատների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շահագրգռվածությունը առցանց կրթությանն ակտիվ մասնակցություն ունենալու ուղղությամբ։ Այդ ամբողջ ընթացքում մեր տասնյակ գործընկերներ ոչ միայն պարբերաբար իրենց օգնությունն էին առաջարկում մեզ, այլև կիսվում էին տարբեր հարթակներում քննարկումների կազմակերպման իրենց փորձառությամբ ու գիտելիքներով։ Տեխնոլոգիական շատ լուծումների հիմքում նաև մեր գործընկերների կողմից մեզ փոխանցված փորձառությունն է։ Առաջին շաբաթվա վերջին որոշեցինք, որ ցանկացած եղանակով պետք է կարողանանք անցում կատարել դասացուցակային գրաֆիկի։ Այդ փուլում դեկանատները և կուրսերի ավագները մեծածավալ աշխատանք կատարեցին՝ ցույց տալով համագործակցության հրաշալի օրինակ։ Մարտի վերջին շաբաթն արդեն դասերը փորձեցինք կազմակերպել ըստ դասացուցակային գրաֆիկի, թեպետ դասաձախողումների տեսակարար կշիռը բավականին մեծ էր։ Հաջորդող շաբաթվա 595 առցանց դասախոսության կազմակերպումն արդեն վստահություն ներշնչեց բոլորիս՝ հուշելով, որ թե՛ մենք, թե՛ կոլեկտիվը ճիշտ ճանապարհի վրա է, թեպետ պլանավորված դասերի 15%-ը, այսպես, թե այնպես, չկայացավ։ Նույն ընթացքում սկսեցինք քանակական ասպեկտից անցում կատարել նաև կրթության բովանդակությանը, քանի որ բովանդակության և հատկապես LIVE դասախոսությունների մատուցման տեխնոլոգիայի առումով ռիսկեր էինք տեսնում։ Պետք է նշեմ, որ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը շատ արագորեն կարողացավ յուրացնել և moodle հարթակում նյութերի վերբեռնման, թեստերի և այլ խնդիրների պատրաստման, գիտելիքի ստուգման տեխնոլոգիաներն ու LIVE ֆորմատով դասընթացների վարման տեխնոլոգիաները։ Սակայն նախնական խորհրդատվությունները կարող էին որոշիչ լինել նաև բացասական իմաստով։ Խնդիրն այն է, որ, մեր նախնական խորհրդատվությունները հիմք ընդունելով, մեր դասախոսների մի զգալի մասը արդեն սկսել էր LIVE ֆորմատով դասախոսություններ վարել իրենց կուրսերի համար ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված փակ խմբերում։ Մի մասն էլ LIVE դասախոսության էֆեկտը ստանում էին՝ Youtube LIVE Streem կազմակերպելով և ձայնագրությունները կա՛մ  ֆեյսբուքի փակ խմբերում, կա՛մ Moodle հարթակի իրենց մոդուլներում զետեղելով։ Քիչ չէին նաև դասախոսները, որոնք դասախոսություններ կամ ուսանողների հետ առցանց քննարկումներ էին փորձում կազմակերպել BigBlueButton, Google Hangouts, Google Classroom, Microsoft Teams և zoom.us հարթակներով, ինչպես նաև տարաբնույթ messenger-ներով՝ Viber, WhatsApp: Ընդհանուր առմամբ, LIVE դասախոսությունների 30-35%-ը կազմակերպվում էր առցանց կրթության ասինխրոն տեխնոլոգիայով, ինչը կրթության որակի տեսանկյունից այնքան մտահոգիչ էր։ Բացի դրանից, դասալսումների ընթացքում էլ ակնհայտ էր, որ ասինխրոն տեխնոլոգիայով դասընթացների մատուցումն այնքան էլ արդյունավետ չէ՝ հիմնականում ուսանող-դասախոս ինտերակտիվ շփման բացակայության պատճառով։ Խնդիրը կարգավորելու համար ապրիլի 1-ին zoom հարթակով հանդիպում ունեցանք մեր դասախոսական կազմի հետ՝ խնդրելով ամեն դեպքում դասախոսությունները կազմակերպել zoom հարթակով։ Պետք է արժանին մատուցել նաև մեր գործընկերներին, ովքեր ընդառաջ գնացին մեր խնդրանքին և փոխօգնությամբ կարողացան լուծել այս խնդիրը։ Արդեն հաջորդող շաբաթվա վերջից սկսած Zoom-ով վարվում էին դասախոսությունների 95-98%-ը։ Սա հնարավորություն ընձեռեց ապրիլի 20-ից ամբողջ ծավալով վերականգնել նաև սեմինար պարապմունքների անցկացման գործընթացը։

Կցանկանայի հատուկ նշել, որ այս ընթացքում համալսարանը կարողացել է կազմակերպել նաև առցանց ոչ ֆորմալ կրթություն։ Այդ նպատակով #Asue-talks խորագրով հանդիպումների ընթացքում հրավիրվել են ՀՀ և արտերկրի տարբեր բանախոսներ, կազմակերպվել է ոչ ֆորմալ կրթություն թվային մարքեթինգի բնագավառում, Asue Change Lab-ի թիմը ևս կազմակերպել է ոչ ֆորմալ կրթություն, ինչպես իր առաքելությամբ որդեգրված ձևաչափում, այնպես էլ տարբեր բանախոսների հրավիրելու և նրանց մատուցմամբ master class-երը համալսարանի ուսանողներին հասանելի դարձնելու միջոցով։

-Առցանց կազմակերպվեցին կրթության բոլոր ձևերը,  ո՞ր կրթաձևում ինչպիսի՞ արդյունքներ եղան և առհասարակ այս ամիսների գործընթացն ինչպիսի՞արդյունքներով եք ամփոփել:

– Պետք է նշել, որ այս պահի դրությամբ վերականգնվել են բաց թողնված դասերի շուրջ 95%-ը առկա կրթաձևում, իսկ հեռակա կրթաձևում դասընթացները 100%-ով վերականգնվել են։ Մեր գործընկերները հավելյալ պարապմունքներով հիմնականում լրացրել են առաջին շաբաթների բացը։ Մինչդեռ, պետք է նշել, որ նախկինում ուսումնական գործընթացում ձախողված դասերի վերականգնման պրակտիկա առհասարակ չի եղել։ Սա հստակորեն կարող ենք ձեռքբերում դիտարկել։ Մարտի 16-ից մինչ օրս բոլոր կրթաձևերում կազմակերպվել է ավելի քան 8800 առցանց դասախոսություն և սեմինար պարապմունք։ Ուրախալի է, որ ուսանողների ակտիվությունն ու սեմինար պարապմունքներին պատասխաններն էլ օֆլայն ռեժիմից պակաս չեն եղել, ինչը ներկայումս արձանագրում ենք տարբեր դասընթացների ամփոփիչ տեղեկագրերի մշտադիտարկման և moodle հարթակում ուսանողների թեստային քննությունների արդյունքների ամփոփման հիման վրա։ Սա մեր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ամենանշանակալի ձեռքբերումն է, ինչը փաստում է, որ երկուստեք արժևորվել է գիտելիքը։

–Ուսումնական տարեվերջ է, և քննական գործընթացները նույնպես առցանց են: Ինչպե՞ս են ընթանում կիսամյակային քննությունները:

– Քննությունները դեռ չեն մեկնարկել, բայց այս պահին արդեն  ընթացքի մեջ են ստուգարքները, որոնք ընթանում են բնականոն հունով։ Բոլոր ամբիոնները, որոնք գիտելիքի ստուգումն իրականացրել են թեստավորմամբ, moodle համակարգում ձևավորել են գիտելիքի թեստային ստուգման բազաներ, բանավոր հարցումն իրականացվում է zoom-ի տեսակոնֆերանսներով։ Համալսարանը մշակել և ընդունել է գիտելիքի ստուգման գործընթացի և վարչարարության ժամանակավոր կարգավորումներ, ums.asue.am հարթակում ձևավորվել են բանավոր քննությունների քննական տոմսերը, ուսանողների գնահատման ամփոփաթերթերը։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ դեկաններն ու դեկանատները, e-Buh-ի թիմը, ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինն ու ծրագրային ապահովման բաժնի թիմը արել են հնարավորն ու անհնարինը սեղմ ժամկետներում համակարգը մշակելու, փորձարկելու և լիարժեք գործարկելու ուղղությամբ, ինչի պայմաններում համակարգի միակ խափանման պատճառ կարող է լինել լայնաշերտ ինտերնետի հասանելիության խափանումը, ինչի ականատեսը եղանք մայիսի 27-ին։

– Թեև ամփոփիչ ատեստավորման գործընթացը դեռ չի ավարտվել, ամեն դեպքում այս պահի դրությամբ ինչպե՞ս կգնահատեք ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության փուլը:

– Նախքան ամփոփիչ ատեստավորման արդյունքներին անդրադառնալը նշենք, որ համալսարանը կազմակերպել է նաև շուրջ 1410 ուսանողների փորձառությունների առցանց պաշտպանությունը։ Նրանցից՝ 775-ը առկա բակալավրիատի, 360-ը՝ հեռակա բակալավրիատի, իսկ 275-ը՝ առկա մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներ են։ Պաշտպանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունը կազմակերպվել է ամբիոնների համար բացված gmail հասցեներով, որոնց google disk-երի հիշողություններում էլ պահպանվում են բոլոր առցանց պաշտպանությունների տեսաձայնագրությունները։ Առհասարակ ինչպես փորձառությունների պաշտպանության, այնպես էլ ավարտական աշխատանքների ներկայացման ու հրապարակային պաշտպանության գործընթացները լիարժեք փաստաթղթավորվել են և արտացոլված են ինչպես ամբիոնների mail հասցեների միջև փոխադարձ գրագրություններում, այնպես էլ ums.asue.am հարթակում։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների անդամները հարթակում տեսնում են ուսանողների վերբեռնված աշխատանքները, դրանց գրախոսությունները և zoom տեսակոնֆերանսով պաշտպանությունների ավարտից հետո իրականացնում են ուսանողների գնահատումը, որի ամփոփիչ տեղեկագրերը նույնպես պահպանվում են հարթակում։ Մինչ այս պահը արդեն իսկ կազմակերպվել են առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրատուրայի մագիստրոսական թեզերի 102 առցանց պաշտպանություններ։ Առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի 1050 ուսանողներից շուրջ 900-ը արդեն ՀՊՏՀ շրջանավարտներ են։ Առկա կրթաձևի պաշտպանությունները կավարտվեն հունիսի 5-ին։ Պետք է նշել, որ այստեղ էլ ինչպես գործընթացը, այնպես էլ արդյունքները առավելագույնս մոտ են իրական համալսարանական կրթության օրակարգին, ինչը փաստում է որ և՛ նախապատրաստական մեծածավալ աշխատանքը, և՛ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքը բավականաչափ արդյունավետ է եղել, իսկ COVID 19-ը ո՛չ ՀՊՏՀ-ին, ո՛չ էլ ՀՊՏՀ-ականներին (մեր գործընկերներին և ուսանողներին)  չի կարողացել որևէ կերպ խոչընդոտել՝ լիարժեք իրականացնելու իրենց առաքելությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին