ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2023
Դիտումների քանակ՝ 678

Թանկագի՛ն բարեկամներ, սիրելի΄ ուսանողներ, գործընկերներ,

Ամանորն ու Սուրբ Ծնունդը ամենասպասված և լուսավոր տոներն են՝ հույս, հավատ, սեր ու ջերմություն սփռող, որոնք ամեն ընտանիքում գեղեցիկ ավանդույթներ են ձևավորում և փոխանցվում են սերնդեսերունդ։ Տոներ, որոնք համախմբում ու միավորում են մարդկանց նոր գաղափարների, գալիքի ծրագրերի շուրջ։

Համալսարանական մեր ընտանիքում այս տոներն առանձնակի խորհուրդ ունեն՝ ակադեմիական ձեռքբերումների ակնկալիք, ստեղծագործական ծրագրերի կառուցում, արգասաբեր աշխատանքի ձգտում, որոնք իրականություն են դառնում յուրաքանչյուրիդ ամուր առողջության և անձնական հաջողությունների հիման վրա։

Կրթության որակի բարելավումը և գիտության զարգացումը Տնտեսագիտական համալսարանի գործունեության առաջնահերթություններն են, և դրանց լավագույնս իրագործման հետևողականությունից են բխում մեր առաջիկա բոլոր անելիքները։ Մաղթում եմ, որ 2024 թվականին բոլորդ լինեք առողջ, լավատես, եռանդուն, իրականանան ձեր իղձերը և ամեն օր աշխատանքի կամ դասի գաք այն համոզմամբ, որ ձեր ջանքերի շնորհիվ ամրապնդվելու ու հազարապատկվելու են այն նշանակալի հաջողությունները, որոնք մենք միասնաբար արձանագրել ենք անցնող տարում։

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, թող 2024 թվականը լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի։

Հարգանքով՝
Դիանա Գալոյան
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր