Մեկնարկեց «Կրթություն և կարիերա EXPO−2024»-ը

10.04.2024
Դիտումների քանակ՝ 359

Ապրիլի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Կրթություն և կարիերա EXPO−2024» 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել 4 երկրների ավելի քան 120 հաստատությունների ներկայացուցիչների։

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն էին՝ կրթությունը միջնակարգ ուսումնական հաստատություններում, կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, հետբուհական կրթություն, միջազգային կազմակերպությունների դերը կրթության ոլորտում, նորարարական նախագծեր, վիրտուալ դասագրքեր և ծրագրեր, կրթական միջոցներ, ուսումնական և զարգացնող գրականություն, տպագրական ծառայություններ և գրենական պիտույքներ, ուսումնական հաստատությունների համար սարքավորումներ։

Միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունից ներկաներին ողջունեց նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ դպրոցականների կյանքում և կրթական ճանապարհին այսօրվա իրադարձությունը շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշման առումով։ «Ոչինչ ձեզ մի΄ արգելեք, սովորե΄ք, դարձե΄ք, կառուցե΄ք»,- դպրոցականներին իր խոսքն ուղղեց Դանիել Դանիելյանը։

Իրադարձությունների կենտրոնում էր նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գեղեցիկ և նորարարական տաղավարը, որը տրամադրում էր այցելուներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված ընդունելության կարգի, մասնագիտությունների, ուսանողական կյանքի, բուհի կողմից տրվող առավելությունների, զեղչային համակարգի և այլնի մասին։

Հիշեցնենք, որ «Կրթություն և կարիերա EXPO−2024»-ը առաջիկա երկու օրերին՝ ապրիլի 11-ին և 12-ին, կշարունակվի։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում