Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորում, ամբիոնի վարիչների ընտրություն և այլ հարցեր՝ գիտխորհրդի նիստում
Ապրիլի 10-ին կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, գիտական խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Օրակարգային առաջին հարցը զեկուցելով՝ բուհի ղեկավարը ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման գործընթացը, տեղեկացրեց, որ բոլոր ամբիոնները սահմանված կարգով և ժամկետներում ներկայացրել են իրենց թեկնածուներին, և վերջիններս այժմ հրամանագրվում են։
Այնուհետև ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին հարցը ներկայացրին ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանն ու մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Մկրտչյանը։ Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին դիմած՝ նույն ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Մուշեղ Հակոբյանը և բիզնես վարչարարության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին դիմած՝ նույն ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Մարիա Սահակյանը հանդես եկան առաջիկա 5 տարիների զարգացման ծրագրերով։ Նրանք կարևորեցին կրթության որակի բարձրացումը, վերապատրաստումները, գիտահետազոտական աշխատանքների աշխուժացումը, միջամբիոնային համագործակցությունը, ընդգծեցին՝ պատրաստվում են աշխատել մարդկային և գործընկերային ջերմ մթնոլորտում։
Գիտական խորհրդի անդամները դրական արտահայտվեցին երկու թեկնածուների անձնային և մասնագիտական որակների մասին, նաև շնորհակալության խոսք ուղղվեց ամբիոնների նախորդ ղեկավարներին, գնահատվեց նրանց արդյունավետ աշխատանքը։
Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ներկայացված թեկնածուներին ընտրեց առաջադրված պաշտոններում և հաստատեց արդյունքները։
Արմեն Գրիգորյանը շնորհավորեց նորընտիր վարիչներին, կարևորեց նրանց կողմից հիմնախնդիրները գնահատելու և լուծելու համարձակությունը, ապա արդյունավետ ընթացք մաղթեց առաջիկա 5 տարիների աշխատանքում։
Հաջորդիվ գիտական խորհուրդը հաստատեց խորհրդին կից ուսումնամեթոդական, հրատարակչական հանձնաժողովների կազմերում առաջարկվող փոփոխությունները։
Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2024 թ․ առաջարկվող՝ «ՀՀ-ում շինանյութի շուկայի ուսումնասիրություն (ամրանների շրջանառության ոլորտի օրինակով)» խորագրով հետազոտական թեման, որը հաստատվեց։
Ընթացիկ հարցերի շարքում հրատարակության երաշխավորվեցին 2023 թվականին «Ամբերդ» կենտրոնի կողմից հայտարարված մրցութային թեմաներով իրականացված հետազոտությունների 8 մենագրությունները, ինչպես նաև մարքեթինգի ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Լիլիթ Գալստյանի «B2B մարքեթինգ» ուսումնական ձեռնարկը։