Արդյունավետ փոխգործակցություն. Տնտեսագիտական համալսարանն ու Պետական եկամուտների կոմիտեն համագործակցության հուշագիր ստորագրեցին

Դիտումների քանակ՝ 2464

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջև այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փոխգործակցության փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դավիթ Անանյանը նշեց, որ հուշագիրը կարևոր բովանդակային փաստաթուղթ է, և այն հնարավորություն կստեղծի ավելի սերտ հարաբերություններ ապահովել համալսարանի հետ: «Մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, որովհետև այն կադրերը, որոնք գալիս են մեր համակարգ, շատ կարևոր է, որ գան որոշակի իմացությամբ: Ճիշտ է լինում, երբ այդ իմացությունը չի սահմանափակվում ակադեմիական գիտելիքներով, այլ որոշակի փորձառությամբ»,- նշեց Դավիթ Անանյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ Տնտեսագիտական համալսարանը ակտիվ բարեփոխումների փուլում է, վերանայվում են կրթական ծրագրերը, բարելավվում փորձառությունների կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում, բուհի ղեկավարի խոսքով, համալսարանը կապեր է հաստատում մասնավոր և պետական հատվածի գործատուների հետ՝ իր կողմից մատուցվող կրթական ծառայություններում գործատուների պահանջները ներառելու, ինչպես նաև լավագույն մասնագետներին համալսարան դասավանդելու հրավիրելու նպատակով:

Հուշագրի ստորագրման արդյունքում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան ներգրավվել ՊԵԿ-ի աշխատանքներում, ինչն էլ կնպաստի նրանց գործնական հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը: Ուսանողներին կտրամադրվի կոմիտեի տեղակատվական համակարգերի թեստային միջավայրում հասանելիություն և գործիք՝ համապատասխան աշխատանքների իրականացման ու գնահատման նպատակով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում անցկացնել համատեղ հետազոտություններ, կազմակերպել գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ապահովել փորձի փոխանակում, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստում:

Արարողությանը ներկա էին նաև ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, ՊԵԿ աշխատակիցներ: Դավիթ Անանյանը շնորհակալական խոսք ասաց նաև ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանի մասին՝ արժևորելով նրան որպես դասախոս և նշելով, որ նա ոլորտի նորությունները փնտրելու և իր ուսանողներին ներկայացնելու կարևոր հատկությամբ է օժտված:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին