ՀՊՏՀ խորհրդի նիստում ընտրվեցին մասնաճյուղերի տնօրեններ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդն այսօր գումարեց նիստ՝ խորհրդի նախագահ, Տնտեսական-քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Վահագն Խաչատրյանի նախագահությամբ։
Խորհրդի որոշումները հակիրճ ներկայացնում ենք ստորև։
✅ Խորհուրդը քննարկեց և հաստատեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի ընտրության ընթացակարգը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ներկայացնելով հարցը, պարզաբանեց, որ մասնաճյուղի տնօրենների ընտրությունը պետք է կատարել մասնաճյուղի տնօրենի ընտրության ընթացակարգով, ինչն օրենքի պահանջ է և ինչն էլ առաջարկվում է խորհրդին։ Քննարկումից հետո խորհուրդը հաստատեց ընթացակարգը։
✅ Դիանա Գալոյանը զեկուցեց նաև օրակարգի երկրորդ հարցը՝ «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի խորհրդի աշխատակարգում լրացում կատարելու մասին՝ նշելով, որ կորոնավիրուսի ներկա իրավիճակով պայմանավորված՝ առաջարկվում է խորհրդի աշխատակարգում կատարել ընդամենը մեկ լրացում՝ որոշ հարցերի դեպքում քննարկումները կազմակերպել առցանց կամ հարցման կարգով։ Առաջարկը հիմնավոր համարվեց և ընդունվեց։
✅ Խորհուրդը փոփոխություն կատարեց նաև «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության ընթացակարգում։ ՀՊՏՀ ռեկտորը պարզաբանեց, որ անցնող շրջանում տեղի են ունեցել ՊՈԱԿ-ների մասին օրենքի փոփոխություններ, որոնք չեն արտացոլվել նշված ընթացակարգում։ Դիանա Գալոյանն ընդգծեց՝ կարևոր է, որ բուհի բոլոր կարգերն ու ընթացակարգերը համապատասխանեն գործող օրենքներին։
✅ Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը ներկայացրեց ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին դիմած հավակնորդներին, նրանք են` մասնաճյուղերի տնօրենների գործող պաշտոնակատարները։ Արամ Սարգսյանը ներկայացրեց հավակնորդների գործերը, նշեց, որ հանձնաժողովը տեղին է համարել նրանց հարցը տեղափոխել խորհուրդ։ Ընդունվեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների թափուր պաշտոնի հավակնորդների՝ ՀՀ օրենսդրությամբ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նախատեսված պահանջների համապատասխանության որոշումը, որից հետո հավակնորդները հանդես եկան ելույթներով և ներկայացրեցին մասնաճյուղերի զարգացման և բարեփոխման հայեցակարգի հիմնադրույթները։
✅ Հավակնորդներին ուղղված հարցերից ու քննարկումից հետո կայացավ մասնաճյուղերի տնօրենների փակ գաղտնի ընտրությունը, որի արդյունքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնում ընտրվեց Կարեն Պետրոսյանը, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում՝ Արփինե Հովակիմյանը։ Խորհրդի նախագահը շնորհավորեց մասնաճյուղերի տնօրեններին և մաղթեց արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման և Տնտեսագիտական համալսարանի հեղինակության ամրապնդման։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին