Խրախուսական մրցանակներ հանձնվեցին ֆուտզալի և բասկետբոլի առաջնությունների հաղթողներին

Դիտումների քանակ՝ 2458

«ՀՊՏՀ խաղեր» մարզամշակութային փառատոնի առանձին մարզական առաջնություններում առաջին տեղը նվաճած մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ուսանողներին այսօր խրախուսական մրցանակներ հանձնեցին ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Կեսոյանը և դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը: Ընկերական ձեռքսեղմումով նրանք շնորհավորեցին նպատակասլաց մարզիկներին, կոչ արեցին լավ սովորել և ակտիվ լինել:

Նշված ֆակուլտետի թիմերը փառատոնի բասկետբոլի և ֆուտզալի առաջնություններում առաջին տեղն են գրավել: Մարզիկներին դեկանի աշխատասենյակում ներկայացրեց ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լուսիկ Խուրշուդյանը և ասաց, որ հաղթանակներ կերտելու հերթը ֆակուլտետի շնորհալի մշակութասերներինն է, նրանք իրենց տաղանդը կդրսևորեն փառատոնի 2-րդ հատվածում:

asue.am-ի հետ զրույցում Նարեկ Կեսոյանն ասաց, որ սա մի խրախուսական քայլ է՝ գնահատելու ուսանողների մարզական ակտիվությունն ու ֆիզիկական լավ պատրաստվածությունը, սպորտի հանդեպ հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ փառատոնի մշակութային մասը ամփոփվել է օրեր առաջ. այս մասին մեր հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին