ՀՊՏՀ-ում շարունակվում է EL Fellow անգլերենի կրթական ծրագիրը

04.04.2024
Դիտումների քանակ՝ 626

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անգլերենի պատասխանատու Ջոն Սիլվերին և մշակութային/կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին ապրիլի 3-ին ընդունեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը:

Ջոն Սիլվերի և Հասմիկ Միքայելյանի այցի նպատակն էր քննարկել 2023 թ․ սեպտեմբերին մեր համալսարանում մեկնարկած English Language Fellow  (EL Fellow) ծրագրի ընթացիկ և առաջիկա հարցերը։ Հիշեցնենք, որ EL Fellow ծրագրի միջոցով ԱՄՆ բարձր որակավորում ունեցող մանկավարժները անգլերենի ուսուցման 10 ամիս տևողությամբ կրթաթոշակային ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր ակադեմիական հաստատություններում: Այժմ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի, շարունակական կրթության բաժնի և Անգլերենի ակումբի հետ համագործակցությամբ մեր համալսարանում դասընթացներ է վարում Լորեյն Ֆարքուհարսոնը։ Գալիք ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ում կմեկնարկի EL Fellow երկրորդ ծրագիրը։

Արմեն Գրիգորյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից կազմակերպվող անգլերենի կրթական ծրագրին ՀՊՏՀ շարունակական մասնակցությունը, ապա հավելեց՝ Տնտեսագիտական համալսարանը բարեփոխումների ներկա գործընթացում մեծապես կարևորում է օտար լեզվի դասավանդումն ու լեզվական հմտությունների փոխանցումը։ Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունն իր նպաստը կբերի տվյալ նպատակի իրագործմանը: Բուհի ղեկավարը հետաքրքրվեց ծրագրի մանրամասներով, նշեց, որ պատրաստ է աջակցել գործընթացի հնարավորինս լավ կազմակերպմանը:

Հասմիկ Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը և հանդիպմանը ներկա գործընկերներին ընդունելության, ծրագրի իրականացումն ապահովելու և համագործակցության համար, մանրամասներ ներկայացրեց ծրագրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն փոխանակման ծրագիր է, որի շահառուները բազմաթիվ են:

«Հուսով եմ, որ նման հեղինակավոր ծրագրի իրականացումը մեծապես կօգնի մեր ուսանողների բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ինչպես նաև կօժանդակի լեզուների դասավանդման որակի բարելավմանը»,- ասաց լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը: