«Էրազմուս+». ՀՊՏՀ-ն խորացնում է կապերը Միշկոլցի համալսարանի հետ (Հունգարիա)

10.03.2022
Դիտումների քանակ՝ 1393

Փետրվարի 21-25-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Միշկոլցի համալսարան (Հունգարիա) կարճաժամկետ այցի ընթացքում ՀՊՏՀ տնտեսության անորոշության լաբորատորիայի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Աղասի Թավադյանը 1-ին կուրսի մագիստրանտների համար դասախոսել է «Տնտեսական կանխատեսման իրական հնարավորությունները» թեմայով, իսկ բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներն ունկնդրել են «Մաթեմատիկական վիճակագրության հիմունքներ» դասընթացը: Դասախոսությունների տեսանյութերն առկա են Youtube-ում:

ՀՊՏՀ դասախոսը հանդիպել էլ Միշկոլցի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Սաբոլոճ Նագյի, ինչպես նաև Տնտեսագիտության տեսության և մեթոդաբանության ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Զոլտան Բառտհայի հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Միշկոլցի համալսարանի և ՀՊՏՀ-ի միջև կապերի հետագա ընդլայնման վերաբերյալ:

«Մենք փորձում ենք աշխուժացնել կապերը եվրոպական բարձր վարկանիշ ունեցող համալսարանների հետ, և նման այցելությունները նաև այս իմաստով են արդյունավետ: Ուսումնասիրելով արտասահմանյան բուհերի առաջավոր փորձը՝ հատկապես դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման առումով, մենք հնարավորություն ենք ունենում և՛ ծանոթանալու դրանց, և՛ մեր համալսարանում ներդնելու: Նման այցելությունները մեր դասախոսներին նաև միջազգային հեղինակավոր հանդեսներում տպագրվելու, համատեղ գիտաժողովների մասնակցելու հնարավորություն են ընձեռում»,- մեզ հետ զրույցում ասաց Աղասի Թավադյանը։