Էրազմուսյան այց Բրատիսլավայի համալսարան

23.08.2023
Դիտումների քանակ՝ 805

«Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ Արսեն Պետրոսյանը հուլիսի 10-14-ը վերապատրաստվել է Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման համալսարանում (Սլովակիա): Վարչական աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել միջազգային կապերի բաժնի պետ Մարիան Կովաչի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, ֆակուլտետների ներկայացուցիչների հետ, ծանոթացել է համալսարանի միջազգայնացման քաղաքականությանը, ուսանողների և աշխատակիցների շարժունության ծրագրերի կազմակերպման ու վերահսկման գործընթացին: Մարիան Կովաչի հետ քննարկվել են երկու համալսարանների համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իսկ ֆակուլտետային հանդիպումների արդյունքում համատեղ հետազոտություններ կատարելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Այցի ընթացքում Արսեն Պետրոսյանը ծանոթացել է հյուրընկալող համալսարանի ուսումնական բաժնի գործառույթներին, կրթական փորձին, դասավանդման մեթոդներին, օտարերկրացի ուսանողների համար իրականացվող աշխատանքների առանձնահատկություններին: ՀՊՏՀ ներկայացուցչին տպավորել է հատկապես համալսարանում գործող ստարտափ կենտրոնի աշխատանքը, որը ուսանողներին հնարավորություն է տալիս իրականացնելու զանազան բիզնես գաղափարներ։

Բրատիսլավայի համալսարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ հանդիպումների ընթացքում Արսեն Պետրոսյանը ներկայացրել է ՀՊՏՀ գիտակրթական գործունեությունը, բուհի զարգացման հեռանկարները։ Նրա փոխանցմամբ՝ մեր գործընկերները հետաքրքրված են ՀՊՏՀ-ի հետ ակտիվ փոխգործակցություն ծավալելու հարցով։