ՀՊՏՀ-ում մեկնարկել են մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ

Դիտումների քանակ՝ 1886

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը մայրենի լեզվի արժևորման նպատակով նախաձեռնել է միջոցառումներ, որոնք կանցկացվեն առաջիկա ամսին: Առիթը Մայրենի լեզվի միջազգային օրն է (փետրվարի 21-ը, որը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ), և մեկնարկը տրվեց այսօր: Միջոցառմանը ներկա էին լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ. Լուսինե Հարությունյանը և դասախոս Աննա Երկանյանը:

Կառավարման առկա բակալավրիատի առաջին կուրսում կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ կարևորելու կառավարչի գրագետ խոսքը: Դասախոսի հանձնարարությամբ ուսանող Միլենա Պողոսյանը հանդես եկավ «Գրագետ խոսքը կառավարչի կյանքում» շնորհանդեսով, որը համեմված էր տարբեր ոլորտների կառավարիչների ոչ ճիշտ խոսքը ներկայացնող օրինակներով: Ուսանողի ներկայացումն ուղեկցվեց աշխույժ քննարկմամբ:

Նույն կուրսը միջոցառման երկրորդ հատվածում հանդես եկավ տեսահոլովակների շնորհանդեսներով, որոնք պատրաստվել էին՝ գովաբանելու գիրքը կամ մայրենին:

Դասախոս Լիլիթ Հակոբյանը, asue.am-ի հետ զրույցում ներկայացնելով նախաձեռնությունը, նշեց, որ նպատակ ունեն տարատեսակ միջոցառումներով արժևորել մայրենիի դերը: «Շատ հաճախ ենք լսում մայրենի լեզուն փայփայելու մասին հայտարարություններ, որոնց կողքին գործնական քայլերը քիչ են: Այս միջոցառումներով մենք ցանկանում ենք մեր նպաստը բերել մայրենիի վաղվա պայծառ օրվան և վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, քանի որ մեր լեզուն վստահված է այսօրվա փայլուն երիտասարդությանը»,- ասաց նա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին