Համագործակցության նոր ուղիներ՝ eDrone նախագծի շրջանակներում
eDrone նախագծի շրջանակներում փետրվարի 26-ին ՀՊՏՀ նախաձեռնությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Քաղավիացիայի կոմիտեի, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչության, «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի, «Լոկատոր» ՓԲԸ-ի, Ավիաուսումնական կենտրոնի, ՀԱՊՀ-ի և ՀՊՏՀ-ի միջև: ՀՊՏՀ-ից քննարկմանը մասնակցել են մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արգամ Արտաշյանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում շահառու կազմակերպությունները ներկայացրել են իրենց նախագծերը, դրանց նպատակները, իրականացման ընթացքը և արդյունքները՝ անօդաչու թռչող սարքերի ուսուցման մանրամասների շեշտադրմամբ, որից հետո ծավալվել է ակտիվ քննարկում և հարցուպատասխան: Մասնակիցները քննարկել են իրենց կողմից ներկայացվող կազմակերպությունների միջև համագործակցության ուղիները՝ անօդաչու թռչող սարքերի ուսուցման նպատակով կազմակերպվող դասընթացների հետ կապված: Արդյունքում՝ նրանք համաձայնության են եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ ուսուցման ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունների քննարկմամբ և մշակմամբ:
Հիշեցնենք, որ eDrone-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված նախագիծ է, որը մեկնարկել է 2016 թ. հոկտեմբերի 15-ին: Նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը:
Նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունն առկա է նախագծի պաշտոնական հարթակում և ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին