Կայացավ «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի հայաստանյան առաջին հանդիպումը

23.10.2023
Դիտումների քանակ՝ 692

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում ս․թ․ հոկտեմբերի 18-20-ը տեղի է ունեցել ծրագրի հայաստանյան առաջին հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը տրվել է ՀՊՏՀ-ում, մասնակցել են ծրագրի համակարգող Լինշոպինգի համալսարանի (Շվեդիա), ծրագրի գործընկերներ Կոմրատի պետական համալսարանի (Մոլդովա) և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՀՀ) ներկայացուցիչները։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ծրագրի համակարգող, Լինշոպինգի համալսարանի պրոֆեսոր Յաներիկ Լունդքվիստը, ինչպես նաև Կոմրատի պետական համալսարանի գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Տատյանա Ռակովցենան:

Լինշոպինգի համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Ստեկովիչը ներկայացրել է հետազոտությունների միջազգայնացման շվեդական փորձը, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը՝ ՀՊՏՀ հետազոտությունների միջազգայնացման ընթացքը։

Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ծրագրի փորձագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Գայանե Թովմասյանը, Կոմրատի պետական համալսարանի պրոֆեսոր Ալլա Լևիցկայան և ՃՇՀԱՀ-ի գիտական քաղաքականության մշակման և կառավարման վարչության ղեկավար Քրիստինե Խաչատրյանը ներկայացրել են ծրագրի շրջանակում մշակված խրախուսման քաղաքականությունը։
Աշխատանքային երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել ՃՇՀԱՀ-ում։
Եռօրյա միջոցառումն ամփոփվել է հոկտեմբերի 20-ին՝ ՀՊՏՀ-ում կայացած հանդիպմանը։

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է հետազոտության միջազգայնացման գործընթացի և գործունեության կառավարման վերաբերյալ համալսարանի որոշումներ ընդունողների, հետազոտական ստորաբաժանումների ղեկավարների հմտությունների ու գիտելիքների բարձրացումը՝ Լինշոպինգի համալսարանի վերահսկողության ներքո, ինչպես նաև շվեդական փորձի հիման վրա համալսարանական կարգի և ընթացակարգի մշակումը՝ հետազոտությունների միջազգայնացման գործընթացը կառավարելու համար։

Ծրագրի գործընկերներն են Լինշոպինգի համալսարանը (նախագծի համակարգող, Շվեդիա), ՀՊՏՀ-ն, ՃՇՀԱՀ-ը (ՀՀ) և Կոմրատի պետական համալսարանը (Մոլդովա)։

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։