«Գիտության ոլորտում իմ ասելիքը ավարտված չեմ համարում»․ Ֆիրուզա Մայիլյան
2017 թվականից առ այսօր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ֆիրուզա Մայիլյանի աշխատանքային օրերն սկսվում և ավարտվում են տնտեսագիտության տեսության ամբիոնում։ Սա հենց այն վայրն է, որտեղ դեռևս քառորդ դար առաջ մեկընդմիշտ կանխորոշվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (ԵրԺՏԻ) գերազանցության դիպլոմով ավարտած երիտասարդ ասպիրանտի մասնագիտական ուղին։ 1997 թվականին Ֆիրուզա Մայիլյանը դեռևս չգիտեր, որ իր ապագան կապվելու է դասախոսական աշխատանքի հետ, բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր կանխորոշել։ Ասպիրանտուրայում ուսանելու հենց սկզբից 21-ամյա աղջկան, ով դեռ փոքր-ինչ անվստահ ու ամոթխած էր, դասավանդելու հնարավորություն տրվեց։ Համաձայնեց, բայց ներքուստ համոզված էր, որ շուտով թողնելու է այդ «ոչ հրապուրիչ աշխատանքը»։ Մեկ-երկու տարին բավական էր՝ համոզվելու, որ անսահմանորեն սիրում է իր գործը։
«Միաժամանակ աշխատելով բանկային համակարգում՝ հասկացա, որ գիտամանկավարժական գործունեությունն է ինձ հոգեհարազատ, և լավագույն վայրը՝ դրսևորվելու որպես գիտնական-մանկավարժ, Տնտեսագիտական համալսարանն է։ Սա իմ բուհն է, իմ երկրորդ տունը»,- ասում է Ֆիրուզա Մայիլյանը։
Անցնող տարիների ընթացքում գիտնական-մանկավարժը շարունակաբար զբաղվել է մասնագիտական որակների զարգացմամբ ու ինքնակրթությամբ՝ գիտական հետաքրքրությունների կենտրոնում պահելով մարդկային կապիտալի տեսության հարցերը, տնտեսական աճի, զարգացման, աշխատանքի շուկայի հիմնախնդիրները․ «Գիտության ոլորտում իմ ասելիքը ավարտված չեմ համարում, ուզում եմ շարունակել մեծ եռանդով, որովհետև գիտությամբ զբաղվելը ոչ թե պարտականություն է, ոչ թե ընտրած ուղուն հետևելու պարտավորություն, այլ կենսակերպ, և ես ինձ իսկապես բավարարված եմ զգում, երբ ժամանակ եմ ունենում նոր տեսություններ, նոր ուղղություններ ուսումնասիրելու, նոր գիտելիք ձեռք բերելու։ Եթե դասախոսը գիտությամբ չի զբաղվում, չի զարգանում, ապա որպես մասնագետ հետընթաց է ապրում, ինչն անընդունելի է»։
Այս տեսանկյունից Ֆիրուզա Մայիլյանը կարևորում է իր ղեկավարած ամբիոնի դասախոսների բարձր պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունն ու կարգապահությունը և վստահ է, որ այս հատկանիշների հիմքում սերն է մասնագիտության, աշխատանքի և երիտասարդ սերնդի հանդեպ։
«Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, ներքին մեծ բավականություն եմ ստանում, երբ լսարանում տեսնում եմ ուսանողների հետաքրքրված հայացքները, երբ հասկանում եմ, որ ինձ հաջողվում է նրանց փոխանցել գիտելիք և սերմանել տնտեսագիտական մտածելակերպ։ Հաճախ եմ ասում, որ լավ սովորեն, գիտելիք կուտակեն, որ դասախոսի միակ նպատակը ուսանողին գիտելիք հաղորդելն է, նրա մասնագիտական աճը տեսնելը։ Փառահեղ զգացողություն է, երբ քննությանը հրաշալի պատասխան ես լսում ուսանողից, երբ հասկանում ես, որ դա նաև քո ներդրումն է, քո աշխատանքի արգասիքը»,- ասում է պրոֆեսորը։
Ֆիրուզա Մայիլյանը հրաշալի կերպով սահմանազատում ու համատեղում է իրեն բաժին ընկած բոլոր դերերը՝ մշտապես թիկունքին զգալով իր ընտանիքի անդամների աջակցությունը․ «Հենց դա էլ ինձ ուժ է տալիս, և կարողանում եմ այս ամենը համատեղել։ Իմ պարագայում ընտանիքն ու աշխատանքը փոխլրացնում են միմյանց, և այդ փոխլրացումը լիովին համապատասխանում է ժամանակակից կնոջ անձնական ու աշխատանքային ներդաշնակ կայացման մասին իմ պատկերացումներին»։