Ի գիտություն ուսանողների. ՀՊՏՀ գիտխորհրդի առցանց նիստում կարևոր որոշումներ են կայացվել

Դիտումների քանակ՝ 3115

Սույն թվականի ապրիլի 6-ին կայացել է ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստ: Նիստում գիտական խորհուրդը, քննարկելով ՀՀ-ում 12.03.2020թ. հայտարարված արտակարգ դրության տեղաշարժման սահմանափակումներով և ՀՊՏՀ ուսանողների ուսումնառության իրավունքների լիարժեք իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված ուսումնական գործընթացի կազմակերպման մասին հարցը, որոշում է կայացրել ԱԴ գործողության և կրթական հաստատությունների փակ լինելու ամբողջ ընթացքում «ՀՊՏՀ առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության» կարգերում կատարել ժամանակավոր փոփոխություններ.

Մասնավորապես գիտական խորհուրդը որոշել է.

1. Առկա ուսուցման բակալավրիատի անհատական աշխատանք պարունակող և քննությամբ ավարտվող դասընթացների «անհատական աշխատանքի» բաղադրիչը և դրա 2 միավոր գնահատման կշիռը միացնել «հաճախումների և ակտիվության» բաղադրիչին, և վերջինի կշիռը սահմանել 8 միավոր:

2. Փորձառության լրացված և փորձառության վայրից նշանակված ղեկավարի ստորագրությամբ վավերացված օրագրերի և փորձառության վայրի կնիքով վավերացված բնութագրի ներկայացման պահանջը չկիրառել 2019-2020 ուսումնական տարվա առկա և հեռակա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի փորձառություն անցնող ուսանողների նկատմամբ:

3. Առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների «փորձառության վայրի հաճախումների» բաղադրիչը (4 միավոր) միացնել «փորձառության պաշտպանության» բաղադրիչին և փորձառության գնահատման 20 միավորանոց համակարգում գնահատման բաղադրիչներ սահմանել «փորձառության հաշվետվությունը»՝ 4 միավոր և «փորձառության առցանց պաշտպանությունը» 16 միավոր:

4. Առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի և հեռակա ուսուցման բակալավրիատի 5-րդ կուրսի ուսանողների «փորձառության վայրի հաճախումների» և «պրակտիկայի վայրի ղեկավարի» գնահատման բաղադրիչները(համապատասխանաբար 15-ական միավոր) միացնել «փորձառության պաշտպանության» բաղադրիչին և փորձառության գնահատման 100 միավորանոց համակարգում գնահատման բաղադրիչներ սահմանել «փորձառության հաշվետվությունը»՝ 20 միավոր և «փորձառության առցանց պաշտպանությունը» 80 միավոր:

5. Առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի 2-րդ կուրսի և հեռակա ուսուցման բակալավրիատի 5-րդ կուրսի ուսանողների փորձառությունների պաշտպանությունը կազմակերպել առցանց եղանակով՝ Zoom համակարգով:

6. Փորձառությունների պաշտպանության ընթացքի բողոքարկման նպատակով ձևավորել առցանց բողոքարկման հարթակ և դրա տվյալները հասանելի դարձնել ուսանողներին առնվազն ՀՊՏՀ կայքէջով, ֆեյսբուքյան օգտահաշվով, ինչպես նաև առցանց պաշտպանության հենց սկզբից առցանց տեսակոնֆերանսում նույնպես զետեղել հայտարարություն՝ բողոքարկման առցանց հարթակի էլեկտրոնային հասցեի վերաբերյալ:

ՀՊՏՀ գիտական խորհուրդ