Հայտնի են Դավիթ Գրիգորյանի հիշատակի «Ոսկի սերմեր» նոր կրթամրցանակի հաղթողները

22.12.2023
Դիտումների քանակ՝ 877

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Դավիթ Լյովայի Գրիգորյանի հիշատակի «Ոսկի սերմեր» նոր կրթամրցանակը, հարցազրույցի փուլի ամփոփմամբ, այսօր գտավ իր հասցեատերերին։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, մրցույթը կազմակերպել են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ հովանավորը Գրիգորյան ընտանիքն է։

Հանձնաժողովի կազմում էին Դավիթ Գրիգորյանի մայրը՝ Սուսան Ավագյանը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, ՀՊՏՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Նարեկ Անտոնյանը, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը և ուսումնական բաժնի պետ Արսեն Պետրոսյանը։

Երախտագիտության և հարգանքի կրթամրցանակի հավակնորդներն իրենց հայտերը ներկայացրել էին մոտիվացիոն նամակով, ինքնակենսագրականով, կրթական և գիտական հաջողությունները վկայող փաստաթղթերով, որոնց հիման վրա ու նաև հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը որոշեց պարգևատրել երկու մասնակցի (մրցանակը կիսելով նրանց միջև)։

Եվ այսպես․ «Ոսկի սերմեր» կրթամրցանակակիրներ դարձան 1-ին կուրսի մագիստրանտներ Էլիզա Մաթևոսյանը («Հանրային կառավարում» կրթական ծրագիր) և Օֆելյա Հակոբյանը («Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» կրթական ծրագիր)։

Շնորհավորում ենք հաղթողներին և վստահություն հայտնում, որ այս պարտավորեցնող, անասելի խորհուրդ պարունակող մրցանակը նրանք կկրեն պատվով՝ լուսավորելով և΄ իրենց ճանապարհը, և΄ բոլոր հերոս հայորդիների հիշատակը։

Հերոսի մայրը՝ Սուսան Ավագյանը, Գրիգորյան ընտանիքի կողմից բոլոր մասնակիցներին նվիրեց կրթության ու գիտելիքի խորհուրդն ամփոփող գրիչներ՝ մակագրված Դավթի անունից։