Հաշվետու տարվա արդյունքներ ու նոր անելիքներ․ կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստը

22.12.2023
Դիտումների քանակ՝ 982

Դեկտեմբերի 22-ին Տնտեսագիտական համալսարանում կայացավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ոչ միայն գիտական խորհրդի անդամները, այլև, ավանդույթի համաձայն, ակադեմիական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչները և ուսանողները։ Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Դիանա Գալոյանը հանդես եկավ ՀՊՏՀ 2023 թ․ գործունեության տարեկան հաշվետվության և 2024 թ․ եկամուտների և ծախսերի նախահաշվի ներկայացմամբ։

Ռեկտորը նախ կարևորեց անցնող տարում ՀՊՏՀ 2023-2027 թթ․ զարգացման ռազմավարության հաստատումը՝ ընդգծելով, որ բուհի հնգամյա գործունեության առանցքային ուղղություններն արտացոլող փաստաթուղթն ուղղորդելու է առաջիկա տարիների աշխատանքը՝ հետևողական կերպով իրականացնելու հիմնական նպատակադրումները։ Այնուհետև բուհի ղեկավարն ընդգծեց՝ քանի որ 2023 թվականը բուհի նոր ռազմավարության իրագործման առաջին տարին էր, ուստի հաշվետվությունը կառուցվել է ռազմավարական նպատակադրումներին համահունչ։

Մասնավորապես․ «Կրթական ծրագրերի որակի բարելավում» ռազմավարական նպատակի համաձայն՝ համալսարանը 2023 թ․ շարունակել է բարեփոխել կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին և բարելավել է ինստիտուցիոնալ կարողությունները, «Գիտության որակի և համալսարանի հետազոտական հեղինակության բարձրացում» ռազմավարական 2-րդ նպատակի շրջանակում ջանքեր է ներդրել ի նպաստ գիտահետազոտական գերակա համարվող ուղղության զարգացման, հետազոտությունների միջազգայնացման ու բուհի հեղինակության բարձրացման, «Միջազգայնացման մրցունակության մակարդակի բարձրացում» ռազմավարական նպատակի շրջանակում նպաստել է կրթության որակի միջազգային չափորոշիչների ներդրմանը և հնարավորություն տվել ՀՊՏՀ-ին՝ գլոբալ կրթական գործընթացներում դառնալ դերակատար, «Ենթակառուցվածքների զարգացում» ռազմավարական նպատակի շրջանակում կատարված աշխատանքը միտված է եղել ենթակառուցվածքների զարգացմանը և ակադեմիական բարենպաստ միջավայրի ձևավորմանը, իսկ ռազմավարական 5-րդ՝ «Կառավարման արդյունավետության մակարդակի բարձրացում և սոցիալական պատասխանատվություն» նպատակը միտված է եղել բուհի գործունեության բոլոր ոլորտների կառավարման արդյունավետության, որակի վերահսկողության նոր համակարգերի ներդրման և հանրության հանդեպ սոցիալական պատասխանատվության հանձնառության իրագործմանը։

Այնուհետև Դիանա Գալոյանն անդրադարձավ 2024 թ. բյուջեի եկամուտների և ծախսերի նախահաշվին՝ նշելով, որ 2024թ․ պլանավորված եկամտային հոդվածները կկազմեն 4,105 մլն ՀՀ դրամ, ծախսերը՝ 4,744 մլն ՀՀ դրամ։ Այսպիսով, ռեկտորի խոսքով, 2024 թ. բյուջեն դեֆիցիտային է և տարվա ավարտին մնացորդը կկազմի 1,361 մլն ՀՀ դրամ:

Հաշվետվության ավարտին ելույթներով հանդես եկան ՀՊՏՀ գիտխորհրդի անդամները՝ բարձր գնահատելով համալսարանում ընթացիկ տարում կատարված աշխատանքը, առաջընթաց արձանագրելու ղեկավար կազմի ջանքերը և կոլեկտիվի համախմբվածությունը։ Կառավարման ամբիոնի վարիչ Գագիկ Ասլանյանը շնորհակալություն հայտնեց համատեղ ձեռքբերումների համար՝ նշելով, որ «ներկայացված ցուցանիշները ձեռքբերումների ցուցանիշներ էին և շատ տպավորիչ էին», ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը նկատեց՝ «բուհի հաջողության բանալին համախմբվածությունն է նպատակների և բուհի ղեկավարության շուրջ», միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանն ընդգծեց՝ «բուհը կառավարվում է ժամանակակից ոճով, ինչն ազդում է աշխատակազմի վարքագծի վրա և տալիս իր արդյունքները», ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Աղավնի Հակոբյանն արձանագրեց «տարեկան գործունեության արդյունքը մեր հավաքական արդյունքն է, որովհետև յուրաքանչյուրս մեր տեղում արել ենք հնարավորը՝ կերտելու համալսարանի հավաքական հաջողությունը», իսկ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Գագիկ Աղաջանյանը հաջողություն մաղթեց կոլեկտիվին՝ առաջիկայում ձեռքբերումներն ավելի ամրապնդելու գործում։

Գիտական խորհրդի ընդլայնված նիստում ռեկտորի ներկայացրած հաշվետվությունը հաստատվեց և հավանության արժանացավ։ Բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար և ընդգծեց, որ գալիք տարում հատուկ ուշադրություն պետք է դարձնել գիտահետազոտական գործունեության զարգացմանն ու միջազգայնացմանը։

Օրակարգային հարցերի քննարկումից հետո գիտխորհուրդն իր աշխատանքը շարունակեց հիմնական կազմով՝ քննարկելով և հաստատելով ՀՊՏՀ գիտխորհրդին կից մրցութային հանձնաժողովի աշխատակարգը, ԼՂ-ից բռնի տեղահանված և այժմ ՀՊՏՀ-ում սովորող ուսանողներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին հարցը, ՀՊՏՀ աշխատակիցներին, ասպիրանտներին և հայցորդներին Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված հրապարակումների համար հոնորարների տրամադրման կարգը, որով, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, նախատեսվում է հոնորար տրամադրել նաև ՀՊՏՀ ասպիրանտներին և հայցորդներին և յուրաքանչյուր հոդվածի հոնորարի չափը սահմանել 300 հազար ՀՀ դրամ։ Ընթացիկ հարցերի շարքում հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, հրատարակության երաշխավորվեց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արգամ Արտաշյանի «Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ» դասախոսությունների նյութերը։