ՀՊՏՀ ուսանողները՝ դրամաշնորհային մրցույթի մասնակիցներ

19.12.2023
Դիտումների քանակ՝ 937

ՀՊՏՀ – Green Rock Management Group համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներին հնարավորություն էր տրվել ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները օգտագործելով Green Rock Management Group ընկերության հերթական նոր նախագծի համար իրականացնել հետազոտական աշխատանքներ։

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ ուսանողների հետազոտական աշխատանքների շնորհանդեսը, որին մասնակցում էր 3 թիմ։ Ուսանողերին տրվել էր հստակ առաջադրանք՝ նոր կառուցվող նախագծի համար կատարել շուկայի ուսումնասիրություն, մրցակիցների համեմատական վերլուծություն, հարցումներ, միջազգային փորձի ուսումնասիրություն, թիրախային լսարանի վերլուծություն, ներկայացնել հիմնավոր առաջարկություններ։ Հետազոտության ամբողջ ընթացքում ուսանողների հետ աշխատել է ընկերության տվյալ նախագծի ղեկավար Մանե Բաբաջանյանը։

Հետազոտական աշխատանքները ներկայացվեցին հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանին, նույն ամբիոնի դասախոս Մարիանա Աբրահամյանին, Green Rock Management Group ընկերության մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Աննա Սալոմեին, նույն ընկերության նախագծերի թիմի ղեկավար Աստղիկ Հովհաննիսյանին և նախագծերի ղեկավար Մանե Բաբաջանյանին։ Մասնակիցները փայլուն ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան, մասնագիտական քննարկումներ։ Հանձնաժողովի անհատական քվեարկության արդյունքում դրամաշնորհային մրցույթի հաղթող ճանաչվեց Նաիրա Նավասարդյանի և Նանե Ադունցի թիմի հետազոտական աշխատանքը։

Green Rock Management Group-ը բոլոր մասնակիցների համար պատրաստել էր խրախուսական նվերներ, իսկ հաղթողին դրամական պարգև՝ 600․000 դրամի չափով։

Ընկերությունը հայտնեց, որ գալիք տարում ՀՊՏՀ ուսանողների համար կկազմակերպվեն նմանօրինակ բազում միջոցառումներ։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։