Համագործակցության հուշագիր՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ

19.12.2023
Դիտումների քանակ՝ 770

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով բիզնեսի և կրթության համագործակցությունը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց բուհի՝ ֆինանսական ուղղվածության մասնագիտությունները, կանգ առավ «Ապահովագրական գործ» մագիստրոսական մասնագիտության վրա՝ ընդգծելով այն ավելի լավ համալրելու անհրաժեշտությունը և նշելով, որ այդ հարցում կարող են մեծ դերակատարում ունենալ նաև ապահովագրական ոլորտի ընկերությունները։

Ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, ընդգծեց, որ «Նաիրի Ինշուրանս»-ը, լինելով ապահովագրական շուկայի խոշորագույն ընկերություններից, կարևորում է որակյալ կադրերի պատրաստումը և այդ առումով պատրաստակամ է խորացնել գործընկերությունը։ Այս համատեքստում ընկերության գործադիր տնօրենը խոստացավ 2024 թվականի տարեսկզբին ուսանողներին վերաբերող և նրանց մոտիվացնող կոնկրետ ծրագրի առաջարկով հանդես գալ։

Հուշագիրը նախատեսում է համատեղ բաց դասերի, սեմինարիների, մասնագիտական քննարկումների, վերապատրաստման դասընթացների կազմակերպում, ընկերությունում ՀՊՏՀ ուսանողների փորձառության անցկացում, միջազգային համագործակցային և համատեղ այլ ծրագրերի իրականացում։