Միջազգային գիտաժողովի հռչակած սկզբունքները համահունչ են ՀՊՏՀ ռազմավարության առաջնահերթություններին․ Հայկ Մնացականյան
2022 թ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնը Վիեննայում (Ավստրիա) կազմակերպել էր եռօրյա գիտաժողով, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը։
Գիտաժողովին հյուրընկալվել էին ավելի քան 150 պատվիրակներ, այդ թվում՝ ֆինանսների նախարարներ, այլ պետական պաշտոնյաներ, զարգացման միջազգային գործընկերներ, հանրային և մասնավոր հատվածի, մասնագիտական և ակադեմիական համայնքների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ՝ ԵՄ և միջազգային առանցքային հաստատություններից։ Գիտաժողովին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ։
Նոյեմբերի 29-ի գիտաժողովի թեման վերաբերել է ֆինանսական հաշվառման և կայուն զարգացման հաշվետվողականության վերջին զարգացումներին, նոյեմբերի 30-ինը՝ ֆինանսական և կայունության հաշվետվողականությանը՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալի գլխավորությամբ։
«Դեկտեմբերի 1-ի թեման առնչվել է Հաշվապահների միջազգային դաշնության միջազգային կրթական ստանդարտների փոփոխություններին, որոնք սահմանում են «Հաշվապահություն» մասնագիտության նախնական և շարունակական մասնագիտական զարգացման միջազգային պահանջները։ Մասնակիցները հանդես են եկել զեկուցումներով, տեղի է ունեցել գիտելիքի և փորձի արդյունավետ փոխանակում։
Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ միջազգային գիտաժողովի հռչակած սկզբունքները համահունչ են ՀՊՏՀ ռազմավարության իրականացման, առաջադիմական գիտելիքի արդյունավետ ներդրման ու կիրառման, արդիական կրթական ծրագրերի շարունակական բարելավման առաջնահերթություններին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Մնացականյանը։