ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց Բուդապեշտի Կորվինուս համալսարանի դասախոս Դեյվիդ Մորիսը

07.12.2022
Դիտումների քանակ՝ 1351

ԵՄ ֆինանսավորմամբ ՀՊՏՀ-ում իրականացվող «Ժան Մոնե նեթվորք»  գործողության «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին Տնտեսագիտական համալսարանում էր Բուդապեշտի Կորվինուս համալսարանի (Հունգարիա) դասախոս Դեյվիդ Մորիսը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ողջունելով հյուրին, ընդգծեց, որ միջազգային գործընկերությունը եղել և շարունակում է մնալ ՀՊՏՀ ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկը, և այդ համատեքստում Տնտեսագիտական համալսարանի համար մեծ պատիվ է հյուրընկալել նման բարձրակարգ միջազգայնագետի։ Ռեկտորը հավելեց, որ ՀՊՏՀ-ն բաց է ցանկացած կառուցողական համագործակցության համար և պատրաստ՝ բոլոր ջանքերն ուղղելու համատեղ ծրագրերի իրականացմանը։

Հյուրը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախ է աշխատանքային այցով գտնվել մի բուհում, որտեղ պատրաստվում են տնտեսության ոլորտի լավագույն մասնագետները։

Դեյվիդ Մորիսը ՀՊՏՀ-ում հանդես եկավ «Զարգացող նոր աշխարհակարգի ռիսկերը և հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ՝ նվիրված Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Դասախոսության ավարտին բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին։

ՀՊՏՀ-ում օտարերկրյա հյուրին ընդունեց նաև ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի վարիչ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը։ Զրուցակիցներն անդրադարձան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և համագործակցության հնարավոր ուղղություններին, մասնավորապես՝ համատեղ հետազոտական աշխատանքների կատարմանը։

Հավելենք, որ Դեյվիդ Մորիսի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է աշխարհաքաղաքական, միջազգային տնտեսական համագործակցության և քաղաքական ռիսկերի ոլորտները։ Նա ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն բիզնես-ցանցի փոխնախագահն է: