«Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրի երրորդ մեկնարկը ՀՊՏՀ-ում

12.09.2022
Դիտումների քանակ՝ 1293

Սեպտեմբերի 9-ին ՀՊՏՀ-ում երրորդ անգամ մեկնարկեց «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Այն իրականացվում է ՀՊՏՀ-ի և Ազգային բժշկական պալատի համագործակցությամբ։

Ծրագրի մասնակիցները բժշկական կենտրոնների տնօրեններ և ղեկավար անձինք են, առողջապահության և դեղագործության ոլորտում աշխատող բժիշկներ։

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանն ընդգծեց, որ Տնտեսագիտական համալսարանը ծրագրի շահառուներին տրամադրում է մի շարք արտոնություններ, օրինակ, ուսման վարձի զեղչեր՝ ռեկտորատի հատուկ որոշումներով։ Նարեկ Վանեսյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իր բնույթով եզակի է, քանի որ միջազգային փորձն ու գիտելիքները տեղայնացված են հայկական առողջապահական իրականության մեջ։

Մագիստրանտներին ողջունեց ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ «Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը նաև բուհի հաջողությունն է, քանի որ ծրագրի շրջանավարտները, ուսումնառությունից հետո նորանոր հաջողություններ արձանագրելով, նաև դիմորդների նոր հոսք են ապահովում դեպի մեր համալսարան»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ հաջողությունների հիմքում ոչ միայն բուհի, այլև Ազգային բժշկական պալատի ներդրած ջանքերն են։

Նշենք, որ կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է, դասավանդողները առողջապահական MBA աստիճան ունեցող, ոլորտում ճանաչված պրոֆեսիոնալներ են, առողջապահության կազմակերպիչներ և կառավարչական որոշումներ ընդունող պաշտոնյաներ։