Ի գիտություն առաջին կուրսեցիների

30.08.2023
Դիտումների քանակ՝ 1986

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մեր համալսարանը սիրով իր դռներն է բացելու ձեր առջև, և մեկնարկելու է նոր՝ 2023-2024 ուսումնական տարին։ Օրը, իհարկե, լինելու է տոնական, բայցև սկիզբ է առնելու բնականոն ուսումնական գործընթացը։

Վաղ առավոտյան՝ ժամը 08․30-ից (դասերի սկիզբը՝ 09․00-ին), ՀՊՏՀ բակում (մուտքը՝ Ա. Մանուկյան փողոցից՝ դարպասի կողմից) ձեզ կդիմավորեն բուհի ղեկավարությունը և ուսխորհրդականները, ապա կուղեկցեն լսարաններ։ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին ֆակուլտետի ղեկավարությունը կդիմավորի Քանաքեռ-Զեյթուն համայնքում Պ. Սևակի 77 հասցեում գտնվող մասնաշենքում։ Դասերի սկիզբը՝ 09։00-ին, տևողությունը՝ 80 րոպե։

Սիրով ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ մասնագիտությունները՝ ըստ ֆակուլտետների․

  1. «Կառավարում», «Սերվիս»՝ կառավարման ֆակուլտետ,
  2. «Տնտեսագիտություն», «Բնապահպանություն և բնօգտագործում»՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ,
  3. «Հաշվապահական հաշվառում և հարկում»՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ,
  4. «Ֆինանսներ»՝ ֆինանսական ֆակուլտետ,
  5. «Շուկայագիտություն (մարքեթինգ)», «Զբոսաշրջություն»՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ,
  6. «Վիճակագրություն», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական համակարգեր»՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ։

ՀՊՏՀ առկա բակալավրիատի 1-4 կուրսերի սիրելի΄ ուսանողներ և 2-րդ կուրսերի մագիստրանտներ, դասերի ժամանակացույցին, դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Առկա մագիստրատուրայի 1-ին կուրսեցիներին հիշեցնենք, որ նրանց դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին, իսկ դասացուցակները կհրապարակվեն դասերի մեկնարկից առաջ՝ սահմանված ժամկետներում։

Սիրելի΄ առաջին կուրսեցիներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի է նաև «Ուսանողի ուղեցույցը», որտեղ դուք կգտնեք անչափ կարևոր և օգտակար տեղեկություն ձեր իրավունքների, պարտականությունների, ուսումնական գործընթացի կազմակերպման, կրեդիտային համակարգի, ընտրովի դասընթացների, գիտելիքի գնահատման բազմագործոնային և էլեկտրոնային ուսուցման համակարգերի, ինչպես նաև գրադարանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, «Էրազմուս+» փոխանակային ծրագրերի, ՈՒԳԸ-ի, մարքեթինգի և հանրային կապերի, ուսանողական խորհրդի, ուսման վարձի վճարման ժամկետների, 2023-2024 ուստարվա ժամանակացույցի և այլնի վերաբերյալ:

Սիրելի՛ առաջինցիներ, դիտե՛ք ՀՊՏՀ ուսանողական խորհրդի պատրաստած տեսանյութը և կիմանաք, թե որ գույնի շապիկով ուսանողներին պետք է հետևեք՝ ձեր ֆակուլտետի մասնաշենքը գտնելու համար։

ՀՊՏՀ ուսումնական գործընթացին առնչվող ընթացիկ նորություններին կարող եք հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։