Տեղեկատվական երեկո՝ ՀՊՏՀ մագիստրատուրայի դիմորդների համար

10.06.2024
Դիտումների քանակ՝ 518

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հունիսի 7-ին հանդես եկավ նոր ձևաչափի միջոցառմամբ՝ ՀՊՏՀ մագիստրատուրայի դիմորդների համար կազմակերպելով տեղեկատվական և հաճելի երեկո՝ «Մագիստրոսական կրթական նեթվորքինգ»։ ՀՊՏՀ բակում տեղակայված տաղավարներում ՀՊՏՀ մագիստրոսական կրթական ծրագրերը ներկայացնող մեր գործընկերներն էին՝ կրթական ծրագրերի ղեկավարները, դասախոսները, ինչպես նաև շրջանավարտները։ Դիմորդներին նրանք պատրաստակամորեն ներկայացնում էին ծրագրերի բովանդակությունը, առավելությունները՝ մանրամասնելով ընդունելության կարգը, կարիերայի հեռանկարները։

Ոչ ֆորմալ տեղեկատվական միջոցառումը, որը ՀՊՏՀ մասնագիտական կողմնորոշման մի շարք միջոցառումների շարքում նորություն էր, առանձնացավ իր յուրահատկությամբ․ «առանց փողկապի», ազատ, անկաշկանդ մթնոլորտում մեր դիմորդներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, բացահայտեցին ՀՊՏՀ-ի կողմից առաջարկվող ծրագրերի բովանդակությունը, վայելեցին հաճելի երաժշտություն և գինու հյուրասիրություն։

Սիրելի΄ դիմորդներ, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 3-ին մեկնարկել է ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելությունը։ Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ։

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են առցանց, 2 (երկու) փուլով.

  • առաջին փուլ` 2024 թվականի հունիսի 3-20-ը ներառյալ,
  • երկրորդ փուլ՝ 2024 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 30-ը ներ­առյալ։

Դիմորդները հայտագրվում են www.moodle.asue.am հարթակի միջոցով և իրենց փաստաթղթերը ներկայացնում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով։

Հայտագրման մանրամասները՝ կից տեսանյութում

Գործընթացի մասին այլ մանրամասներ՝ այստեղ

Մագիստրոսական կրթական ծրագրերը՝ այստեղ

Շեմային քննությունների հարցաշարերը՝ այստեղ

ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում թերթեք այսօրվա երեկոյի ֆոտոշարքը։