ՀՊՏՀ ուսանողներն իրենց փորձառությունը կանցնեն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում

Դիտումների քանակ՝ 2792

Ս.թ. փետրվարի 11-ին մեկնարկել է ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների ուսումնաարտադրական և առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների գիտահետազոտական փորձառությունը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ այս ուսումնական տարում առաջին անգամ ՀՊՏՀ ուսանողներն իրենց փորձառությունը կանցնեն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների, տնտեսական և հաշվապահական հաշվառման, արտաքին կապերի, հասարակայնության հետ կապերի վարչություններում:

«ՀՊՏՀ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները համապատասխանում են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից առաջադրած թեմաներին, ստացել են այդ բացառիկ հնարավորությունը: Հուսանք, որ հաջորդիվ ևս, ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան իրենց փորձառությունն անցկացնել ՀՀ նախագահի աշխատակազմում, ինչը հիմք կդառնա հետագայում փոխգործակցության ոլորտների ընդլայնման համար»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:
Մեր խնդրանքով գնահատելով այս հնարավորությունը՝ Աղավնի Հակոբյանը նշեց. «Հեղինակավոր այդ կառույցում փորձառությունը թույլ կտա ուսանողներին հարստացնել տեսական գիտելիքները, ձեռքբերել անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, ինչպես նաև ձևավորել աշխատաշուկայում պահանջված թիմային աշխատանքի հմտություններ»:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և հույս հայտնում, որ այս հրաշալի հնարավորությունը լավագույնս կծառայի իր նպատակին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին