Ասպիրանտների ներգրավվածությունը և մոտիվացիան գնահատում եմ գերազանց․ Դավիթ Հախվերդյան
ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժինը հետբուհական կրթության ներկա զարգացումների մասին զրուցել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանի հետ։
-Պարո՛ն Հախվերդյան, ինչպե՞ս կգնահատեք ասպիրանտուրայում առցանց դասընթացների արդյունավետությունը։
-Նախ՝ արդյունավետության գնահատումը, բնական է, որ պետք է կատարվի արդյունքները, այն է՝ քննության և ասպիրանտների գիտելիքների, հմտությունների մակարդակը գնահատելուց հետո: Որպես միջանկյալ գնահատում՝ կարելի է հավաստել, որ որպես ստեղծված վիճակին այլընտրանք՝ իհարկե արդյունավետ է: Ավելին, կարծում եմ, համավարակային ճգնաժամի վերացումից հետո նույնպես այս գործիքակազմը պարբերաբար կօգտագործվի ամենատարբեր խորհրդատվություններ, կենդանի շփման անհնարինության դեպքում որոշակի հարցեր քննարկելու համար: Այդուհանդերձ, այն որպես կենդանի դասախոսությանն այլընտրանք դիտարկելն, իհարկե, ճիշտ չէ․ ասպիրանտի և ուսանողի սոցիալականացման տեսանկյունից (որը պակաս կարևոր չէ) հեռավար կրթությունը արդյունավետությամբ էապես զիջում է կենդանի դասախոսությանը: Պատկերավոր ասած, հետագայում այն ոչ թե պետք է փոխարինի, այլ լրացնի կենդանի դասախոսությունները։
- Ըստ Ձեզ որո՞նք են առցանց ուսուցման առավելությունները։
- Եթե հաշվի չառնենք ստեղծված վիճակում կենդանի դասախոսություններին իրական այլընտրանք լինելու փաստը, ապա կարծում եմ՝ հիմնական առավելություններից պետք է դիտարկել դարաշրջանին համահունչ՝ ժամանակի ավելի ճկուն կառավարումը, տեղաշարժման համեմատաբար ազատությունը կամ ոչ սահմանափակ լինելը (ուզածդ վայրից միանալու հնարավորությունը), տրանսպորտային ու կեցության (ոչ տեղացի անձանց համար) ծախսերի խնայողությունը, տեխնոլոգիական նորարարություններից օգտվելու ունակությունը և այլն: Վերջին հաշվով պետք է գիտակցել, որ «եթե մենք չգնանք տեխնոլոգիական լուծումների հետևից, ապա տեխնոլոգիական լուծումները կգան մեր հետևից», որը զարգացման տեսանկյունից բնավ լավագույն լուծումը չէ:
- Կա՞ն արդյոք խնդիրներ, որոնց բախվում եք առցանց դասընթացների իրականացման ժամանակ, ինչպե՞ս եք փորձում հաղթահարել այդ խնդիրները։
-Առայժմ նմանատիպ խնդիրների չեմ հանդիպել: Խնդրահարույց կարող է լինել ասպիրանտների (ուսանողների) համար համացանցի մատչելիությունը, որակը, կրկին անգամ շեշտեմ՝ կենդանի հաղորդակցության պակասը:
- Ինչպե՞ս կգնահատեք ասպիրանտների ներգրավվածությունն ու մոտիվացիան այս գործընթացում։
-Ասպիրանտների ներգրավվածությունը և մոտիվացիան գնահատում եմ գերազանց: Վերջինս համարում եմ բնականոն երևույթ, քանի որ ասպիրանտը, անցնելով որոշակի ճանապարհ, իր մեջ զարգացնում է (համենայն դեպս, պետք է զարգացնի) դրված նպատակին հասնելու հաստատակամության, լրջության, աշխատասիրության և լայնախոհության հատկանիշները: Այսինք՝ կարևորն անկարևորից զատելու ունակությունը ստիպում է ասպիրանտին (հայցորդին) լրջորեն մոտենալ խնդրին և առավելագույն օգուտներ քաղել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք ասպիրանտներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց առցանց կրթությունն էլ ավելի հետաքրքիր, հաճելի և օգտակար դարձնելու համար։
-Առաջին հերթին խորհուրդ կտայի փորձել ցանկացած խոչընդոտ վերածել հնարավորության: Ստեղծված ոչ շարքային իրավիճակում խորհուրդ կտայի շատ կարդալ, հասունացնել ատենախոսություն գրելու պահը: Անհրաժեշտ է կարդալ և´ ատենախոսության թեմայի վերաբերյալ, և´ առհասարակ տնտեսագիտության, և´ գեղարվեստական, հանրամատչելի գրքեր ու հրապարակումներ:
Առո´ղջ եղեք: