«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի վեբինարին

Դիտումների քանակ՝ 1753

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյան ս.թ. մայիսի 5-ին մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից կազմակերպված՝  «Evidence-based response to COVID-19 in Africa» խորագրով վեբինարին:

Միջոցառման մասին asue.am-ի հետ զրույցում Վարդան Աթոյանը նշեց, որ քննարկման հիմնական բանախոսներն էին IPSOS-ի հանրային կապերի ղեկավար, դոկտոր Դարել Բրիքերը (Dr. Darrell Bricker, CEO Public Affairs, IPSOS), վարակաբան, դոկտոր Թոմ Ֆրիեդենը (Dr. Tom Frieden, infectious disease and public health physician, President and CEO of Resolve to Save Lives, an initiative of Vital Strategies), Առողջապահության միջազգային կազմակերպության Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն, դոկտոր Մատշիդիսո Մոետին (Dr. Matshidiso Moeti, WHO Regional Director for Africa) և Վարակների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների տնօրեն, դոկտոր Ջոն Նկենգասոնգը (Dr. John Nkengasong, Director, Africa Centres for Disease Control and Prevention):

««Ամբերդ» տեղեկագրի վերջին համարի «COVID-19. հերթական մարտահրավե՞ր, թե՞ նախազգուշացում» հոդվածում նշել էինք, որ աշխարհում մոլեգնող համավարակը աստիճանաբար մուտք է գործում նաև այնպիսի տարածաշրջաններ ևերկրներ, որոնց առողջապահական համակարգը բավական թույլ է զարգացած, ինչը կարող է շեշտակիորեն մեծացնել վարակակիրների թիվը՝ հանգեցնելով հումանիտար աղետի: Անշուշտ, դրանց մեջ են աֆրիկյան բազմաթիվ երկրները: Տարբեր միջազգային կառույցներ և կազմակերպություններ միջոցներ են ձեռնարկում՝ հնարավոր աղետից խուսափելու, մարդկային կյանքեր ու երկրների տնտեսություններ փրկելու, ինչպես նաև՝ անվտանգության և զարգացման միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելու համար: Հենց այդ համատեքստում IPSOS-ի կողմից պատրաստվել էր զեկույց, որի հիմնական արդյունքների ամփոփմանն ու ներկայացմանն էլ նվիրված էր այս վեբինարը»,- ներկայացրեց «Ամբերդի» փոխտնօրենը: Նրա խոսքով՝ իրականացված ուսումնասիրության շրջանակներում զեկույցի հեղինակները հարցումներ են իրականացրել աֆրիկյան 20 պետություններում, որոնց մասնակցել է ավելի քան 21000 մարդ:

«Ստացված արդյունքներից հարկ է առանձնացնել, որ հարցվածների 69%-ը հայտնել է, որ իրենց մոտ սննդի և ջրի խնդիրներ կծագեն, եթե ստիպված լինեն 14 օր մնալ տանը: 51%-ը նշել է, որ իրենց գումարային խնայողությունները կսպառվեն: Հարցվածների 32%-ը հայտնել է, որ իրենք չունեն բավարար տեղեկատվություն թագավարակի վերաբերյալ, այդ թվում՝ թե ինչպես է այն տարածվում և ինչպես պետք է պաշտպանվել դրանից: Քննարկվող հարցերի շարքում էին նաև կազմակերպությունների կողմից պոտենցիալ սպառնալիքների բացահայտման, դրանց արձագանքնման համակարգման և նոր միջոցառումների արդյունավետ կիրառման հիմնախնդիրները: Բանախոսների ելույթներից հետո հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում, տեղի ունեցավ կարծիքների և մտքերի փոխանակում: Շնորհակալ եմ կազմակերպիչներին հրավերի համար: Անշուշտ, վեբինարին մասնակցությունը անչափ օգտակար էր և աշխարհում ծավալվող փորձագիտական քննարկումներին հաղորդակից լինելու շատ լավ հնարավորություն», - մանրամասնեց մեր գործընկերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին