ՀՊՏՀ-ում կայացավ Inspired միջբուհական աշխատաժողովը
Նոյեմբերի 27-28-ը ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ ուսանողական խորհրդի կազմակերպած Inspired («Ոգեշնչված») միջբուհական ուսանողական աշխատաժողովը, որը համախմբեց շուրջ 60 ուսանողների ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջից և հայաստանյան 6 բուհերից (ԵՊՀ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայկական պետական մանկավարժական, Գավառի պետական, Հայ-ռուսական համալսարաններ և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա)։
Աշխատաժողովին ներկա էր ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ վերջինս կարևորեց ակադեմիական գիտելիքի կողքին գործնական հմտություններ ունենալու անհրաժեշտությունը։ Ներկա էր նաև ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը:
Բացման խոսքում ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը հույս հայտնեց, որ նմանօրինակ աշխատաժողովներ անցկացնելու գեղեցիկ ավանդույթը ՀՊՏՀ-ում կշարունակվի, քանի դեռ ուսանողները չմարող հետաքրքրություն են ցուցաբերում։ «Տնտեսագիտական բուհը խիստ կարևորում է ոչ ֆորմալ կրթությունը։ Շնորհակալ ենք բուհի ղեկավարությանը՝ մեր այս նախաձեռնությանն օժանդակելու և հայաստանյան բուհերը ներկայացնող ուսանողներին իր հարկի տակ հյուրընկալելու համար»,- ասաց Գոռ Մելիք-Սահակյանը։
Աշխատաժողովի գլխավոր կազմակերպիչ, ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղամբարյանն էլ խոստացավ, որ հանգստյան երկու օրերը արդյունավետ կլինեն մասնակիցների համար՝ ասելով «Վերջին 2 ամիսների ընթացքում մենք արել ենք առավելագույնը, որ դուք այսօր ստանաք անփոխարինելի բիզնես գիտելիք և հմտություն, հասկանաք, թե որտեղից և ինչպես սկսել»։
Աշխատաժողովն անցավ հագեցած օրակարգով։ Բիզնեսի տարբեր ոլորտների վեց բանախոսները ներկայացրին իրենց փորձը՝ աշխատաժողովի մասնակիցներին փոխանցելով գործարարության վերաբերյալ նոր գիտելիք։
Renderforest ընկերության HR բաժնի ղեկավար Վարդուհի Գումրույանը, Group ընկերության համահիմնադիր և Chief Growth Hacker, Hexact ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն և Հայաստանի ամերիկյան համալսարանի (MBA) դասախոս Արմեն Ավագ Ավագյանը մասնակիցներին պատմեցին իրենց անցած ճանապարհի, հաջողության հասնելու ուղիների և գործարար հմտությունների մասին:
ՆԱՍԱ-ի նորարարության և գերազանցության մրցանակների դափնեկիր Մարի Պողոսյանը, ով միջազգային հեղինակավոր ամսագրերում 50-ից ավելի հոդվածներ է տպագրել և դասավանդել է աշխարհի 4 երկրների 9 համալսարաններում, խոսեց «Նորարարությունների կառավարում» թեմայով։
Avromic ըկներության հիմնադիր, Elmasys ընկերություն համահիմնադիր Միքայել Ավագյանն իր անձնական փորձով ցույց տվեց, որ կարևոր է ոչ միայն հաջողությունը, այլև՝ ձախողումը։
ArmCoaching Coaches Development Center և Hirenet Armenia կազմակերպությունների ղեկավար Աննա Բարոյանն էլ բիզնես-պլան կազմելու հմտություններ փոխանցեց։
Գովազդի ապագայի մասին իր կանխատեսումները ներկայացրեց SMARTOLOGY Digital Business Academy-ի համահիմնադիր Արտակ Հարությունյանը։
Ուշագրավ բանախոսությունները հագեցած էին գործնական առաջադրանքներով, ինտերակտիվ և ինտելեկտուալ խաղերով, հարցուպատասխանով։ Վերջիններիս ընթացքում աչքի ընկած մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ. Լիլիթ Յամանյանը ճանաչվեց աշխատաժողովի լավագույն մասնակից, Արեգ Գասպարյանը՝ լավագույն հարցի հեղինակ։ Աշխատաժողովի մյուս մասնակիցներն ստացան հավաստագրեր՝ աշխատաժողովից հեռանալով անմոռանալի տպավորություններով։