Համագործակցություն ՏՏ ոլորտի հետ․ ՀՊՏՀ-ն և «Դիջիթեյն»-ը հուշագիր են ստորագրել
ՏՏ ոլորտի հայաստանյան առաջատար ընկերություններից մեկը՝ «Դիջիթեյն»-ը, անցած շաբաթ հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաև մի շարք այլ համալսարանների ներկայացուցիչներին։ «Դիջիթեյն» ընկերության տնօրեն Հարություն Վարդանյանը ներկայացրել է ընկերության առաքելությունը, հեռանկարները, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այնուհետև ՀՊՏՀ-ի և «Դիջիթեյն» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը միտված է ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում գործընկերության և համագործակցության դերի բարձրացմանը։
ՀՊՏՀ-ն և «Դիջիթեյնը», ըստ կնքված հուշագրի, կիրականացնեն համատեղ միջոցառումներ՝ ընկերությունում ՀՊՏՀ ուսանողների համար ստեղծելով ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպման հնարավորություն։ Համագործակցությունը նաև աջակցելու է երիտասարդ մասնագետներին՝ աշխատանքի որոնման հարցում, ինչպես նաև խթանելու է ուսանողների և ոլորտի առաջատար մասնագետների միջև պարբերական շփումները։ Նախատեսվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով դասախոսությունների, սեմինարների, կլոր սեղանների և այլ միջոցառումների իրականացում։
Հանդիպման ընթացքում ընկերության տնօրեն Հարություն Վարդանյանը կարևորել է մասնավոր հատվածի և բուհերի միջև կապերի ստեղծման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Լուսինե Դանիելյանի հետ կառուցողական քննարկման ընթացքում որոշվել է ընդլայնել համագործակցությունը, ներդնել այլ ձևաչափեր ևս՝ միտված կրթական ծրագրերի կատարելագործմանն ու գործարար մակարդակում դրանց կիրառմանը։
Հյուրերը հնարավորություն են ունեցել նաև շրջելու ընկերության տարածքում, անձամբ ծանոթանալու կազմակերպության աշխատանքային միջավայրին և իրականացվող ծրագրերին։