ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Ժորա Ստեփանյան
Շարքն այսօր ներկայացնում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտ, շարունակական կրթության բաժնի աշխատակից Ժորա Ստեփանյանին։
-Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
-ՀՊՏՀ-ում կրթությունը տվել է բազում մասնագիտական գիտելիքներ, զարգացրել է մտածելու, վերլուծելու և որոշումներ ընդունելու հմտություններս:
-Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
-ՀՊՏՀ-ն իմ առաջին գործատուն է, և կարծում եմ, իրականում, հետագա աշխատանքային գործունեության մեջ առաջին գործատուից շատ բան է կախված։ ՀՊՏՀ-ում իմ աշխատանքը, կարծես, առօրյայիս մի մասնիկը լինի, ես քնում և արթնանում եմ՝ մտածելով ՀՊՏՀ-ի և իմ աշխատանքի մասին։
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
-Հիմնական հետաքրքրություններիցս կնշեմ բանիմաց տնտեսագետներ կրթելն ու պատրաստելը, քանի որ, իհարկե, մեծ բավականություն է ստացածդ գիտելիքը կիրառելը, բայցև անասելի հաճույք է, երբ կարողանում ես այն փոխանցել։
-Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
-Վերջին շրջանում բոլորիս երազանքն է ապրել խաղաղ երկրում։ Երազանք, որն անիրական է թվում, բայց շարունակում ես երազել, որ աշխարհում վերանան հակամարտություններն ու պատերազմները։
-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան:
-Ինձ ամեն օր, ինչպես ասացի, մոտիվացնում է այն ակադեմիական միջավայրը, որը ստեղծել է ՀՊՏՀ-ն և որտեղ զգում ես ինչպես տանը։ Ես առավոտյան մի տնից գնում եմ մյուս տուն՝ աշխատելու։
-Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
-Կյանքի այս փուլում ամենակարևորը ճիշտ մասնագիտության ընտրությունն է, այնուհետև գիտելիքի արժևորումը, ուսման մեջ հետևողականությունը։ Պետք է լինել պահանջկոտ ուսանող և վայելել ուսանողական ամենալավ տարիները։