Karapp ընկերության հիմնադիր-տնօրենը ՀՊՏՀ-ում էր

25.10.2022
Դիտումների քանակ՝ 949

Karapp ընկերության հիմնադիր-տնօրեն Շավարշ Կարապետյանին այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալեց ռեկտոր Դիանա Գալոյանը։ Հանդիպմանը ներկա էին արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը։

Շավարշ Կարապետյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը՝ մանրամասնելով, որ Karapp հավելվածը աշխարհի լավագույն ոչ գեղարվեստական բեսթսելերների հիմնական գաղափարներն ու վերլուծությունները ամփոփում է 15 րոպեանոց աուդիոսեղմագրերում (աուդիոգրքեր)։ Քննարկվեցին ՀՊՏՀ ուսանողներին հավելվածը հասանելի դարձնելու հնարավորությունները, մի շարք մոտեցումներ, որոնք ապագայում կյանքի կկոչվեն, ապա համալսարանի ռեկտորն ու ընկերության տնօրենը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

ՀՊՏՀ-ում Շավարշ Կարապետյանի հաջորդ կանգառը թիվ 315 լսարանն էր։ Մոտիվացնող բանախոսություն լսելու հույսով այստեղ նրան էին սպասում ապագա մարքեթոլոգներ ու ֆինանսիստներ, հաշվապահներ ու կառավարիչներ։ Վերջիններիս հետ երիտասարդ մասնագետը խոսեց ինքնակրթության կարևորության մասին, ներկայացրեց սեփական բիզնես սկսելու 3 ոսկե հիմնաքարերը, ապա բացահայտեց 5 Հ-երի կանոնը։ Հավատ, համառություն, հետևողականություն, համբերություն և համապատասխանություն․ ահա թե ինչ է հարկավոր յուրաքանչյուրիս՝ կյանքում հաջողության հասնելու համար։ Կարապետյանը վստահ է՝ հաջողության բանալին մեր տաղանդը բացահայտելու և զարգացնելու մեջ է, ընկերության առաքելությունն էլ ինքնակրթությունը սովորույթի վերածելն է։

Հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում։ Ուսանողներն ակտիվորեն օգտվեցին սեփական տեսակետները բարձրաձայնելու և բանախոսին հարցեր ուղղելու հնարավորությունից։

Karapp-ի հիմնադիրը Տնտեսագիտականում թեև առաջին անգամ էր, սակայն խոստացավ՝ հնարավորության դեպքում կրկին կայցելի, մտադիր է սերտ ու կայուն հարաբերություններ զարգացնել ՀՊՏՀ-ականների հետ։ Չմոռացավ նաև նախապես խոստացած անակնկալը՝ հանդիպմանը ներկա ուսանողներին առաջարկեց ակտիվացնել ASUE2025 պրոմոկոդը և Karapp հավելվածից օգտվել 25% զեղչով։