«Իմ հաջողության գաղտնիքը ՀՊՏՀ-ից է գալիս»․ խոստովանում է Text΄nPayMe-ի համահեղինակը

26.10.2022
Դիտումների քանակ՝ 948

Չորս տարբեր հարթակներում լավագույն ստարտափ ճանաչված հայկական Text΄nPayMe-ի համահիմնադիր, ՀՊՏՀ շրջանավարտ Արթուր Կարապետյանը կրկին հարազատ բուհում է։ Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն անցել է գաղափարից բիզնես բարդ, բայց միևնույն ժամանակ գայթակղիչ ուղով, ճաշակել է հաջողության համն ու դարձել ոլորտում լավագույնը։

Արթուրը խոստովանում է՝ ՀՊՏՀ ընդունվելն իր ամենաճիշտ որոշումներից է եղել, ու իր հաջողության գաղտնիքը հենց դրանում է։ Այսօր պատրաստ է վերադառնալ համալսարան՝ իր անցած ճանապարհի մասին ուսանողներին պատմելու և ստարտափ հիմնելու կարևորագույն քայլերին ծանոթացնելու։

Իր ստեղծած ստարտափին միս ու արյուն տալու համար մեծ եռանդ ու ջանք է ներդրել․ ամեն ինչ հօդս կցնդեր, եթե Արթուրին չօգնեին կամքի ուժն ու հետևողականությունը։ Խորհուրդը ուսանողներին մեկն է՝ երբեք չհանձնվել և յուրաքանչյուր խնդիր դիտարկել ոչ թե լոկ որպես խնդիր, այլ որպես ընթացք։

ՀՊՏՀ ուսանողներից Արթուրն ակնկալում է առաջին հերթին նախաձեռնողականություն, պատրաստ է վերջիններիս հետ ստարտափ հիմնելու համատեղ ծրագրեր մշակել, ավելի հաճախ հյուրընկալվել մայր բուհում, ինչո՞ւ չէ՝ նաև ոլորտում կայացած և իրենց հաջողության պատմություններով ուսանողներին մոտիվացնող ձեռներեցների հրավիրել։

«Մեր ընկերությունն անում է այն, ինչ իր անունն ասում է»,- ուսանողների հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ հենց Text΄nPayMe, ասում է Արթուր Կարապետյանը և հավելում՝ «Text΄nPayMe-ն ստարտափ է, որ եկել է դյուրացնելու մարդկանց ֆինանսական խնդիրների լուծումը։ Այն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս, տեքստային և ձայնային հրահանգներ ճանաչելով, գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով»,- մանրամասնում է Արթուրը։

Նախագիծը բիզնեսի վերածելու ճանապարհը, Արթուրի փոխանցմամբ, հեշտ չէ, բայց երբ կա գաղափար և այդ գաղափարը կյանքի կոչող պատրաստ մարդկանց թիմ, ամեն ինչ հաղթահարելի է դառնում։

«Փորձե՛ք առավելագույնս բաց լինել նոր բան սովորելու, նոր ինֆորմացիայի համար»,- ասում է Արթուրը և հավելում՝ վերջին 3 տարվա ընթացքում ավելի քան 600 ստարտափ ստեղծողների հետ է ծանոթացել և յուրաքանչյուրից մի նոր բան լսել ու սովորել։