Պորտոյի համալսարանի դասախոս Անտոնիո Հենրիքեզը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում

12.11.2021
Դիտումների քանակ՝ 1087

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 1-5-ը հյուրընկալել է Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) պրոֆեսոր Անտոնիո Հենրիքեզին։

Այցի շրջանակը բավականին ընդգրկուն էր՝ առցանց դասախոսություններ, հանդիպումներ ՀՊՏՀ ներկայացուցիչների հետ, շրջայց համալսարանում, համատեղ նախագծերի քննարկում։

Պրոֆեսորը դասախոսություններ է կարդացել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի միջազգային տնտեսագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի համար՝ «Ոսկե ստանդարտ» թեմայով, տնտեսագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար՝ «Գլոբալիզացիոն գործընթացները 1820-1945 թթ․» և տնտեսագիտություն մասնագիտության 1, 2, ինչպես նաև ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների համար՝ «Տարբեր երկրների տնտեսական աճի որակներ․ համեմատական վերլուծություն» թեմաներով։

ՀՊՏՀ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում Անտոնիո Հենրիքեզն իր պատրաստակամությունն է հայտնել՝ այսուհետ ևս շարունակել համագործակցությունը գործընկեր համալսարանի հետ, քննարկել առկա ծրագրերի ընդլայնման հնարավորությունները և համատեղ հետազոտություններ իրականացնել։

Օտարերկրյա պրոֆեսորը նաև նշել է, որ ՀՊՏՀ-ից հեռանում է լավ տպավորություններով և մշտապես ջերմ կպահի Հայաստանի և Տնտեսագիտական բուհի մասին հիշողությունները։

Նշենք, որ ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Հացագործյանն այս կիսամյակում ուսանում է Պորտոյի համալսարանում։