ՀՊՏՀ-ում մեկնարկեց դասախոսների վերապատրաստման երկու դասընթաց՝ արտերկրից հրավիրված մասնագետների մասնակցությամբ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2694

Տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դասընթացների մեկնարկը, որը կտևի մինչև փետրվարի 7-ը:

Նախապես ձևավորված դասախոսական երկու խմբեր կանցնեն «Դասավանդման մեթոդաբանություն» և «Վերջնարդյունքահեն կրթական ծրագրեր» վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպել է համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը՝ ՀՊՏՀ գործընկեր «Տաշիր ինվեստ գրուպ» ընկերության աջակցությամբ։

«Դասավանդման մեթոդաբանություն» վերապատրաստման դասընթացը ողջույնի խոսքով բացեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ ներկայացնելով հյուրին՝ Օլգա Գավրիլինային: Նա ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ճյուղային մենեջմենթի ինստիտուտի միջազգային բաժնի պետն է, մարքեթինգի դասախոս, տ.գ.թ., դոցենտ, ով բազմաթիվ վերապատրաստումներ է անցել արտերկրի առաջատար բուհերում։ Ողջունելով նրա այցը Տնտեսագիտական համալսարան՝ Դիանա Գալոյանը կարևորեց վերապատրաստման դասընթացի իրականացումը և համոզմունք հայտնեց, որ այն օգտակար կլինի ՀՊՏՀ դասախոսների համար:

Օլգա Գավրիլինան նախորդ տարի իր գործընկերոջ հետ ակնկարկային դասախոսություններով է հանդես եկել ՀՊՏՀ-ում  և շատ տպավորված է: «Ուրախ եմ կրկին գտնվել ձեր ջերմ մթնոլորտում, ուրախությամբ եմ հիշում նախորդ այցս ձեր համալսարան և իմ գործընկերներին: Վերապատրաստման դասընթաց անցկացնելու Դիանա Գալոյանի առաջարկը ինձ շատ ուրախացրեց, քանի որ կրկին հնարավորություն տրվեց այցելել ձեր համալսարան»,- ասաց նա:

Սկսելով դասընթացը՝ նա հույս հայտնեց, որ առաջիկա օրերը կլինեն արդյունավետ, միասին հնարավոր կլինի գտնել հետևյալ կարևոր հարցերի պատասխանները՝ ի՞նչ սովորեցնել, ո՞ւմ սովորեցնել, ինչպիսի՞ միջավայրում և ինչպե՞ս: Դասընթացին մասնակից դասախոսները ոգևորված էին, մեկնարկը տրվեց աշխույժ քննարկմամբ:

«Վերջնարդյունքահեն կրթական ծրագրեր» դասընթացի մեկնարկին ներկա էր ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Այս դասընթացը վարում է ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Սպորտի և տուրիզմի ոլորտի կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարիա Բելյակովան: Նա նշեց, որ դասընթացը բաղկացած է լինելու 8 դասախոսությունից և հորդորեց ակտիվություն դրսևորել, անկաշկանդ տեսակետներ հայտնել, որպեսզի ապահովվի նաև դասընթացի քննարկումային մթնոլորտը: Առաջին դասը նվիրված էր անձի մասնագիտական զարգացման հարցերին, առաջնահերթ խոսվեց ռազմավարական պլանավորման, ռազմավարությունների ձևավորման մասին:

Նշենք, որ վերը նշված երկու վերապատրաստումներին մասնակցում են համալսարանի մասնագիտական ամբիոնների վարիչները, դասախոսները, ինչպես նաև կրթական ծրագրերի կազմման և գնահատման գործընթացում ներգրավված ՀՊՏՀ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները։ Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ և իրենք իրենց հերթին փորձը կփոխանցեն իրենց գործընկերներին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին