Փետրվարի 10-ից կմեկնարկեն փորձառությունները. ՀՊՏՀ-ում էր MBG Hospitality ընկերության ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 1823

ՀՊՏՀ առկա բակալավրիատի և մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի ավարտական կուրսերի 1600 ուսանողներ 2-րդ կիսամյակում ուսումնաարտադրական (բակալավրիատում) և գիտահետազոտական (մագիստրատուրայում) փորձառություն կանցնեն հայաստանյան առաջատար պետական և մասնավոր 100 կազմակերպություններում: Այս մասին asue.am-ի հետ զրույցում ասաց մեր համալսարանի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Գևորգ Սարդարյանը:

Փորձառությունների գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով օրերս մեր համալսարան են գալիս փորձնակներին հյուրընկալող որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեղեկատվական ու նախապատրաստական հանդիպումներ են ունենում ուսանողների հետ: Այսօր մեր հյուրն էր MBG Hospitality ընկերության PR մենեջեր Աննա Ալավերդյանը, որը նշված կազմակերպությունում փորձառելու ցանկություն հայտնած ուսանողներին ներկայացրեց ընկերությունների գործունեությունն ու ստորաբաժանումների աշխատանքը, լուսաբանեց փորձնակներին հետաքրքրող մի շարք հարցեր:

Գևորգ Սարդարյանի փոխանցմամբ՝ փորձառությունների կազմակերպման ժամանակացույցը հետևյալն է՝ փետրվարի 10-ից ապրիլի 3-ը՝ առկա բակալավրիատ, փետրվարի 11-ից ապրիլի 7-ը հեռակա բակալավրիատ, փետրվարի 10-ից ապրիլի 17-ը՝ առկա մագիստրատուրա: Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետը փորձնակներին հորդորում է փորձառության ընթացքում ակտիվ լինել, լավագույնս դրսևորել մասնագիտական իմացությունը. գործատուները փնտրում են բանիմաց մասնագետներ և խոստացել են լավագույններին աշխատանք առաջարկել:

Ավարտական կուրսերի սիրելի´ ուսանողներ, մաղթում ենք, որ ձեր փորձառության վայրը դառնա նաև աշխատատեղ: Բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին