«Մեր ամբիոնում բոլորը բոլորից սովորում են, և դա հրաշալի է»․ Լիանա Գրիգորյան
Արդեն երեսուն տարի, ամեն աշխատանքային օր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիանա Գրիգորյանին քայլերը բերում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնը հենց այն վայրն է, որտեղ իր մասնագիտական կարիերան 1994-ին սկսեց կառուցել տակավին երիտասարդ գիտնականը։ Արդեն 2011 թվականին կառավարչական փորձի ու հմտության շնորհիվ Լիանա Գրիգորյանին վստահվեց ամբիոնի ղեկավարման բարդ ու պատասխանատու աշխատանքը։
Կնոջ և ընտանիքի մոր պարտականությունները Լիանա Գրիգորյանը պետք է համատեղեր գիտահետազոտական հետաքրքրությունների, դասավանդման, ստեղծագործական ու վարչական աշխատանքի հետ և վստահ էր՝ մեծ ցանկության դեպքում հնարավոր է հասցնել ամեն ինչ։ 2001 թ․ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, 2003 թ․ ստացավ դոցենտի կոչում, 2015-ին արդեն տնտեսագիտության դոկտոր էր, 2018-ին՝ պրոֆեսոր։
Մասնագիտական հասունացման տարիները նրան հանգեցրին համոզման՝ սա հենց այն աշխատանքն է, որն ամենից շատ է սիրում, որից երբեք չի ձանձրանում, և եթե կրկին ընտրության առջև կանգներ, ապա աներկբա կընտրեր գիտնական-մանկավարժի ուղին։ «Ուսանողների հետ ամենօրյա շփումներն ինձ թևեր են տալիս, նրանցից անվերջ սովորում եմ, ոգևորում նրանց ու ոգևորվում նրանցից»,- ասում է պրոֆեսորը։
Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն են ծավալում գիտակ և հմուտ մանկավարժներ, հետազոտողներ, ոլորտի առաջատար մասնագետներ․ «Ինձ համար շատ կարևոր է ամբիոնում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանումը։ Հիմնական համակազմից զատ, որը փայլում է համակողմանի տեսական գիտելիքով և դասավանդման մեթոդաբանությամբ, մեր ամբիոնում մեծ թիվ են կազմում հրավիրյալ դասախոսները, որոնք ուսանողներին արդիական հմտություններ են փոխանցում։ Մեր ամբիոնում բոլորը բոլորից սովորում են, և դա հրաշալի է»։
Իր հիմնական առաքելությունը Լիանա Գրիգորյանը համարում է սերունդներին կրթելն ու գիտության դռները նրանց առջև բացելը․ որպես ավագ գործընկեր և խորհրդատու՝ աշխատում է ասպիրանտների, հայցորդների հետ, ուղղորդում նրանց հաղթահարելու այդ դժվարին ճանապարհին ծագած խոչընդոտները։
Լիանա Գրիգորյան ղեկավարը, լինելով խստապահանջ և անաչառ, միաժամանակ կարողանում է պահպանել հմայիչ ու բարեհոգի կնոջ որակները։ Կանացի իմաստնությամբ փորձում է լուծել անխուսափելի խնդիրները, հարթել տարաձայնությունները, ինչի շնորհիվ նրա շուրջ մշտապես բարյացակամ ու ջերմ մթնոլորտ է, աշխատանքային հաճելի եռուզեռ։