Հանդիպում ՀՊՏՀ-ում T-GREEN ծրագրի շրջանակում

18.09.2023
Դիտումների քանակ՝ 1283

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում ս․ թ․ սեպտեմբերի 11-ին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և ֆոնդահայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը փորձի փոխանակման նպատակով հանդիպել են բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոսների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է T-GREEN ծրագիրը, հիմնական նպատակները և առաջիկա գործողությունները։ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ Աննա Կարապետյանը և Նորա Այվազյանը գործընկերներին ներկայացրել են «Հելլենիկ» միջազգային համալսարանում (Սալոնիկ, Հունաստան) իրականացված աշխատաժողովի թեմաները, մասնավորապես՝ գործընկեր համալսարանների «կանաչ» կրթական ծրագրերի, ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության փորձը, քննարկել են ծրագրի շրջանակում մշակվող համատեղ կրթական ծրագրերը և դասընթացների մոդուլները, ինչպես նաև ծրագրի համար առանցքային «կանաչ քաղաքականությունը» և կայուն զարգացման նպատակները։

Հիշեցնենք, որ նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ ընդունողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրներն ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ՈԱԱԿ-ը, ՃՇՀԱՀ-ը (համակարգող), «Եվրասիա» միջազգային համալսարանը (համահամակարգող), ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ՀԱՊՀ-ն, ՀԱԱՀ-ը, Գորիսի, Գավառի պետական համալսարանները, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։

ԵՄ գործընկերներն են «Հելլենիկ» միջազգային համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

«Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (101083014 — T-GREEN — ERASMUS-EDU-2022-CBHE) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից «Էրազմուս+»-ի՝ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրի (ՀԳ 2) միջոցով։

Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ հրապարակված սույն փաստաթուղթը չի պարունակում բովանդակային հավաստում, այլ արտահայտում է միայն հեղինակների կարծիքը, և Եվրահանձնաժողովը որևէ պարտավորություն չի կրում սույն փաստաթղթում ցանկացած տեղեկատվության օգտագործման համար։