Միջազգային ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղված հանդիպում

10.03.2021
Դիտումների քանակ՝ 1059

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը մարտի 9-ին հյուրընկալել են Խարկովի սննդի ու առևտրի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Վիկտորիա Գրոսուլին և Կիևի ազգային առևտրատնտեսագիտական համալսարանի Խարկովի առևտրատնտեսագիտական ինստիտուտի արտասահմանցի ուսանողների ուսուցման կենտրոնի վարիչ Ելենա Անտոնովային։

Նրանց հետ ՀՊՏՀ համագործակցությունը հաստատվել է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE) ծրագրի շրջանակներում, որի հիմքում ընկած էր Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը։

Երեկվա հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի շարունակականության ապահովման ուղիները և ուսանողների շրջանում ձեռնարկատիրական գործունեության ակտիվացմանն ուղղված այլ դրամաշնորհային ծրագրերի դիմելու հնարավորությունները։ Միջազգայնացման խթանմանն ուղղված գործողությունների շրջանակներում գործընկեր համալսարանները պլանավորում են կազմակերպել գիտաժողով, որը կմիավորի տարածաշրջանի երիտասարդ հետազոտողներին և ձեռներեցներին ու նոր գաղափարների փոխանակման, ինչպես նաև առաջացած գործնական խնդիրների և առաջարկությունների քննարկման հարթակ կհանդիսանա։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին