Համագործակցության հուշագրի ստորագրում՝ Սոցիալական ապահովության ծառայության հետ
Բարեփոխումների և ՀՊՏՀ դերի վերաիմաստավորման համատեքստում Տնտեսագիտական համալսարանը շարունակում է համագործակցային կապեր հաստատել ՀՀ պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ: Հերթական փոխգործակցությունը հիմնվեց այսօր, ՀՊՏՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության միջև ստորագրվեց հուշագիր, որով մեկնարկում են միջոցառումներ՝ ուղղված սոցիալական ապահովության ոլորտում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանը, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցությանը: Համագործակցության հիմքում ՀՊՏՀ-ի մասնագիտական ներուժն է և ՀՀ սոցիալական ապահովության ծառայության փորձն ու դրա կարևորությունը:
Հուշագիրը ստորագրվեց մեր համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի և Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի կողմից: Ներկա էին ՀՊՏՀ պրոռեկտորներ Դիանա Գալոյանը, Տիգրան Մնացականյանը, դեպարտամենտի տնօրեններ Պարույր Ջանգուլյանը, Արամ Հովհաննիսյանը, բաժնի պետեր Աղավնի Հակոբյանը, Վարդ Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձինք:
Ողջույնի խոսք ասաց Պարույր Ջանգուլյանը՝ շեշտադրելով, որ Տնտեսագիտական մայր բուհն աշխուժացնում է իր կապերը ՀՀ պետական և ոչ պետական հատվածի հետ, և այս համագործակցությունն իր հերթին կարևոր է:
Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ելույթում նշեց, որ նոր համագործակցությունների վավերացումը ՀՊՏՀ գլոբալ քաղաքականության մի մասն է կազմում և, մասնավորապես, բուհի գործունեությունն առնչվում է նաև սոցիալական ոլորտին, ուստի հուշագիրը և դրանով նախատեսված անելիքները մեծ դերակատարում են ունենալու:
«Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆիլային մասնագիտությունների մի մասը սերտորեն առնչվում են սոցիալական խնդիրներին: Մենք ունենք տարբեր դասընթացներ, կրթական ծրագրեր, որոնք անմիջապես կապված են սոցիալական խնդիրներին և սոցիալական ապահովության հարցերին և բնականաբար, ձեզ հետ մի քանի ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա: Դրանցից մեկը ուսանողների գործնական գիտելիքի ամրապնդումն է համապատասխան փորձառությունների միջոցով, մյուսը որոշակի հետազոտությունների իրականացումն է: Մեր համալսարանի ներկայիս գիտահետազոտական քաղաքականության համատեքստում դրված է հետազոտության կիրառականության ապահովումը, ասյինքն՝ մենք պետք է կատարենք թե' հիմնարար, թե' կիրառական հետազոտություններ: Իրականությունից և անհրաժեշտությունից ելնելով՝ մենք նոր համագործակցություններ ենք որոնում»,-ասաց բուհի ղեկավարը և ամփոփ ներկայացրեց վերջերս կնքված հուշագրերը:
Սուրեն Ղամբարյանը ողջունելի համարեց սկիզբ դրվող գործակցությունը և պատրաստակամություն հայտնեց ջանասիրաբար ի կատար ածելու հուշագրի դրույթները:
Կիրառական նշանակության համագործակցությունների դերն արժևորող խոսք ասաց ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Թադևոս Ավետիսյանը: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանն էլ ելույթում ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն պետք է սոցիալական ապահովության ոլորտի լավագույն կադրերի պատրաստման դարբնոցը լինի, և ակնկալում է ակտիվ համագործակցություն:
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ Ժորա Սարգսյանը, ով սոցիալական ապահովության ծառայության ներկայացուցիչ է, իր խոսքում, դասախոսի դիտանկյունից նշեց, որ ուսանողը պետք է վստահ լինի, որ իրենց կողքին մասնագետներ են, որոնք պատրաստ են իրեն աջակցելու, ուստի այս համատեքստում աշխատաշուկայի հետ լայն կապերը մեծ դեր են ստանում:
Հուշագրի շրջանակում նախատեսվում է ուսանողներին ներգրավել Սոցիալական ապահովության ծառայության աշխատանքներին՝ նպաստելով նրանց գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը և ոչ միայն:
Կողմերը գործնական են տրամադրված հուշագրի կատարմանը և միմյանց խոստացան արդյունավետ համատեղ աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին