«Իմ ՀՊՏՀ» էսսեների մրցույթն ամփոփվեց

Դիտումների քանակ՝ 1543

«Իմ ՀՊՏՀ» խորագրով էսսեների մրցույթը, որը նվիրված էր ՀՊՏՀ 45-ամյակին և անցկացվեց տոնական միջոցառումների շրջանակում, ավարտվեց: Արտակարգ դրության և մեկուսացման պայմաններում մեր շնորհաշատ ուսանողների ստեղծագործությունները ֆեյսբուքյան էջից ջերմություն ու սեր հաղորդեցին մեզ, մեկուսի, բայց և ի լուր աշխարհի բացահայտեցին նրանց սերը, հիացումը, հպարտությունը սիրելի համալսարանի հանդեպ: Իսկ համալսարանին հոգի ու շունչ, ուժ ու ոգեղենություն են հաղորդում մարդիկ, նրա կամարների ներքո աշխատող, դասավանդող, սովորող, հետազոտող, ստեղծագործող մարդիկ: Եվ այս տողերում ամփոփվածն ուղղված է նրանց բոլորին, ովքեր հասակ են տալիս մեր կրթօջախին ու կերտում նրա ապագան:

Մրցութային ժամանակահատվածում կազմկոմիտեն ստացավ առաջադրված պահանջներին համապատասխանող 6 աշխատանք: Ինչպես և ներկայացված էր մրցույթի հայտարարությունում, էսսեներն ընթերցեց մրցատյանը, որի կազմում էին ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը, նույն ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը, արձակագիր, ՀՊՏՀ շրջանավարտ Նորայր Սարգսյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը, խմբագիր Արմինե Վարդանյանը, լրագրող Նանե Ավանեսյանը:

Էսսեները գնահատելիս մրցատյանն առաջնորդվեց մի քանի չափանիշով՝ գրագետ գրավոր խոսք, շարադրանքի ինքնատիպություն ու պատկերավորություն, բովանդակության համապատասխանություն առաջադրված թեմային: Ինչպես և խոստացել էր կազմկոմիտեն, դիտարկվեցին նաև ֆեյսբուքյան հավանությունները: Եվ քանի որ պատկերը երկփեղկվեց և, ըստ էության, մրցատյանի նախապատվությանն արժանացան ֆեյսբուքում ամենաքիչ հավանություն ստացած էսսեները, ապա որոշվեց մրցույթի արդյունքներն ամփոփել 2 եռյակով՝ ըստ մրցատյանի և ըստ ֆեյսբուքյան հավանությունների:

Ըստ այդմ՝ մրցատյանի  առավելագույն ձայներ ստացավ Հայկ Քալանթարյանի (հաշվապահական հաշվառում և աուդիտ, 3-րդ կուրս) էսսեն, այնուհետև՝ Արև Մանուկյանի (մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում, 3-րդ կուրս) և Ժորա Ստեփանյանի (ֆինանսական, 4-րդ կուրս) էսսեները:

Ֆեյսբուքյան ամենաշատ հավանությունների արժանացավ Անուշիկ Մանուկյանի  (տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ, 3-րդ կուրս) էսսեն, այնուհետև՝ Գրետա Գուրուրյանի (տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ, 1-ին կուրս) և Ալլա Հարությունյանի (ֆինանսական, 1-ին կուրս) էսսեները:

Եվ կրկին, ինչպես խոստացել էր մրցույթի կազմկոմիտեն, հաղթած էսսեների հեղինակները կարժանանան մրցանակների, որոնք նրանց կհանձնվեն ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված տոնական ցերեկույթի ընթացքում, իսկ էսսեները կտպագրվեն ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրում: Եվ քանի որ ունենք 2 լավագույն եռյակ, ապա ամսագրում հաջորդաբար տեղ կգտնեն բոլոր էսսեները:

Շնորհավորում ենք բոլոր հեղինակներին, մաղթում ուսումնական և ստեղծագործական հաջողություններ, սիրո ու հիացումի նոր կուտակումներ և նորանոր «գեղարվեստական պոռթկումներ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին