Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հեղինակությամբ նոր հրատարակություններ են լույս տեսել

Դիտումների քանակ՝ 3783

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի համար անցնող տարին բեղուն է եղել: Մասնագիտական աշխատանքին զուգահեռ տաղանդավոր մտավորականը ստեղծագործել է. նրա հեղինակությամբ 2018-ին լույս են տեսել «Հայաստանի բնակավայրերի տեղեկատու», «Փրկված կատակներ», «Տնտեսագիտական հումոր» գրքերը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է պրոֆեսորի հետ, ծանոթացել նրա գրքերին:
Իր բացառիկությամբ ու արժեքով առանձնանում է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված  «Հայաստանի բնակավայրերի տեղեկատու» աշխատությունը, որի համահեղինակն է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը: Շուրջ 1060 էջանոց այս գիրքը բազմաբնույթ տեղեկություն է պարունակում հանրապետության բոլոր քաղաքային ու գյուղական բնակավայրերի մասին: Աշխատանքը իր տեսակով նորություն է, տրամադրում է ֆիզիկաաշխարհագրական, տնտեսաաշխարհագրական, քաղաքային բնակավայրերի գյուղատնտեսական գործունեությանը, զբաղվածությանը վերաբերող հարուստ նյութեր: Անդրադարձ է կատարվում նաև տասնամյակներ առաջ առանձին գյուղական բնակավայրերին, որոնք մտել են մի շարք քաղաքների շրջագծերի մեջ, բայց ցայսօր դեռևս գյուղատնտեսական ուղղվածություն ունեն:
«Տեղեկատուում կանգ ենք առել նաև մայրաքաղաքի առանձին թաղամասերի դեռևս պահպանվող գյուղատնտեսական ուղղվածության վրա: Դրանք այն թաղամասերն են, որոնք Երևանի շրջագծի մեջ են մտել 1950-ական թվականներից սկսած: Երևան քաղաքի այդպիսի նկարագրության դեռևս չենք հանդիպել: Տրվել է բնակավայրերի զբոսաշրջային գնահատականը, իսկ վերջինս մեր երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից է»,-ասաց Սամվել Ավետիսյանը:
Աշխատանքն արժեքավոր է աշխարհագրագետների, տնտեսագետների, տարածքային կառավարման մարմինների, պետական կառավարման համապատասխան գերատեսչությունների և ընթերցասերների համար:
Մյուս երկու գրքերը հասցեյված են հումորասերներին (շուտով հասանելի կլինեն ՀՊՏՀ գրադարանում): «Տնտեսագիտական հումոր»-ը 2018թ. վերահրատարակվել է (լրամշակված): «Որովհետև կյանքի բոլոր հարվածներին, այդ թվում՝ տնտեսական ճգնաժամերին դիմակայելու լավագույն միջոցը հումորն է: Որովհետև ուզում եմ ձեզ ուրախություն նվիրել»,-գիրքը լույսընծայելու առիթով նշել է հեղինակը:
Շնորհավորում ենք Սամվել Ավետիսյանին և մաղթում մասնագիտական, ստեղծագործական ու անձնական հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին